տուն Լուրեր Հակաբիոտիկ և բորբոսասնկեր որոշ կաթնամթերքներում. տույժերն արտադրողներին չեն վախեցնում

Հակաբիոտիկ և բորբոսասնկեր որոշ կաթնամթերքներում. տույժերն արտադրողներին չեն վախեցնում

280
0

Շարունակվում են ահազանգերն այն մասին, որ սննդամթերքի շուկայում շատ արտադրատեսակներ չեն համապատասխանում սահմանված նորմերին: Օրինակ՝ վերջին շրջանում հրապարակում եղավ այն մասին, որ փորձաքննության ենթարկված 10 արտադրողի թթվասերից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 7-ի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ, բուսական յուղ և խմորասնկերի բարձր քանակ։

Փորձագետների կարծիքով՝ նմանատիպ դեպքերը շարունակվում են, որովհետև ոլորտը չի կարգավորվում, կարգը խախտողներն էլ համարժեք պատասխանատվության չեն ենթարկվում: Նշենք, որ պլանային ստուգումներ կամ դիտարկումներ տարեկան ծրագրով անցկացվում են տարին մեկ անգամ: Եվ ինչպես տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, բացի նախատեսված տարեկան ստուգումներից, ահազանգերի հիման վրա են գործողություններ անելու հնարավորություն ունենում:

Իսկ ինչ վերաբերում է խախտումներին և կարգազանցներին պատասխանատվության ենթարկելու տարբերակներին, ՍԱՊԾ-ի պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը նշեց, որ տույժի ձևը կախված է, թե ինչ բնույթի խախտում է արվել. «Կասեցման դեպքեր են եղել, երբ արտադրությունը կասեցվել է, վարչական տույժ է լինում որպես պատասխանատվություն` մոտավորապես 100-300 հազար դրամի շրջանակներում, արգելանք աշխատողների վրա, եթե բուժզննման կարգն է խախտվել»:

Պետք է նկատել, որ այս տույժերն ու տուգանքներն էլ երբեմն տնտեսավարողներին հետ չեն պահում նորից խախտումներ անելուց` կրկնակի շահույթ ստանալու համար: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը մեզ հետ զրույցում նշել էր` տուգանքների մակարդակն այնքան ցածր է, որ ընկերությունները կարող են թերությունները վերացնել ու որոշ ժամանակ անց նորից սկսել աշխատել խախտումներով. «Եթե տնտեսավարողն իմանա, որ  խախտման դեպքում մեծ տուգանքների կենթարկվի, կամ արտադրությունը կփակվի, անընդհատ կմտածի, որ հանկարծ խախտում չանի»:

Անառարկելի է, որ ոչ խիստ ստուգումների և քիչ տույժերի պատճառով որոշ տնտեսավարողներ շարունակում են խախտումներ թույլ տալ: Ամիսներ առաջ փորձաքննության էին ենթարկվել նաև պաղպաղակը և կաթնաշոռը, և շատ արտադրողներ խախտումներ էին կատարել թե՛ թթվասերի, թե՛ պաղպաղակի և թե՛ կաթնաշոռի պարագայում: