տուն Լուրեր ՀԱԿ ներկայացուցիչը մեղադրում է Մարուքյանին (տեսանյութ)

ՀԱԿ ներկայացուցիչը մեղադրում է Մարուքյանին (տեսանյութ)

72
0

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր՝ օգոստոսի 9-ին, քննվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը 4/20 ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանի բողոքը՝ ընդդեմ նույն դատարանի` հուլիսի 17 -ին կայացրած որոշման, որով դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Նիկոլայ Յուրայի Մոսինյանին մեղավոր է ճանաչել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընտրության արդյունքները կեղծելու մեջ եւ դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման:

Թեև կեղծ արձանագրությունը ստորագրել են նաեւ նույն հանձնաժողովի անդամներ Դավիթ Մարուքյանը, Ռուզաննա Ալեյանն ու Ադա Ասարյանը, այնուամենայնիվ, նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով:

Բողոքող կողմի պնդմամբ` հանձնաժողովի նշված երեք անդամները 4/20 ընտրատեղամասում կեղծիքներ կատարելու հարցում աջակցել են հանձնաժողովի նախագահին` իրենց ստորագրությունը գիտակցաբար դնելով կեղծված արձանագրությունների տակ, ուստի պահանջում են նրանց եւս պատասխանատվության ենթարկել:

Նշված ընտրատեղամասում, հիշեցնենք, հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը «այո»-ի օգտին մոտ 500 քվեաթերթիկ է լցոնել քվեատուփում:

«Նրանք (նկատի ունի  հանձնաժողովի անդամներ Դավիթ Մարուքյանին, Ռուզաննա Ալեյանին և Ադա Ասարյանին-խմբ.) ցուցմունքներում չեն էլ ժխտել, որ տեղյակ են եղել քվեարկության իրական արդյունքներին»,- ասաց Ալիտա Սարդարյանի շահերի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը:

Նախաքննությունն իրականացնող մարմինը, սակայն, հիմնավորված է համարել այն, որ Դավիթ Մարուքյանը, Ռուզաննա Ալեյանն ու Ադա Ասարյանը կեղծելու ուղղակի դիտավորություն չեն ունեցել, այլ ընդամենը հոգնածության պատճառով չեն գիտակցել, թե ինչ թվերի տակ են ստորագրում: Բացի այդ, վստահել են հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանին:

«Հեքիաթներ են, որոնք պատմել են այդ անձինք նախաքննության մարմնին, եւ, բնականաբար, նախաքննության մարմինը «հավատացել» է դրանց եւ կայացրել է այս խայտառակ որոշումը»,- մեզ հետ զրույցում հավելեց Դավիթ Գյուրջյանը:

Նշենք, որ այս գործով դատական հաջորդ նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 9-ը՝ ժամը 14:00-ը, որպեսզի Դավիթ Մարուքյանը, Ռուզաննա Ալեյանն ու Ադա Ասարյանը եւս հրավիրվեն դատական նիստին:

Ներկայացված տեսանյութում Ալիտա Սարդարյանը պատմում է, թե ինչպես են հանձնաժողովի անդամները կեղծել քվեարկության արդյունքները: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներից Դավիթ Մարուքյանը  Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հորեղբոր որդին է: