Հաց բերող Արթուր Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հաց բերողի պաշտպան Տիգրան Եգորյանը:
«Աղեստամոքսային տրակտի հետ կապված հարցեր կային, որոշակի բուժում ստացել է, այն, ինչ անհրաժեշտ էր հիվանդանոցում ստանալ: Հատուկ սննդակարգը, բուժումների մնացած մասը կշարունակի տան պայմաններում, այն ևս տևական բուժում է ենթադրում՝ երկու ամիս»,- նշեց պաշտպանը:
Ինչ վերաբերում է վիրահատական միջամտության անհրաժեշտությանը, Եգորյանը հավելեց. «Աղեստամոքսային տրակտը պետք է ինչ-որ առումով ապաքինվի, նոր վիրահատության հետ կապված հարցերը քննարկվեն: Այս պահին դեռ որևէ բուժհաստատության կամ բժշկի հետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
Նշենք, որ 25 օր հացադուլի մեջ լինելուց հետո Արթուր Սարգսյանի վիճակը վատացել էր, և նա ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մարտի 6-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:
Հիշեցնենք՝ Հաց բերողը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորմանն օժանդակելու մեջ։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորություն կիրառելու միջոցով։