Օրեր առաջ Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սպանության համար մեղադրվող Հ. Համբարձումյանը անմեղսունակ է: Համաձայն եզրակացության՝ Հ.Համբարձումյանը տառապել և տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ և իրավախախտում կատարելիս գտնվել է հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում: Araratnews.am-ի հետ զրույցում հոգեբանի հարազատները կասկածելի են համարում այս եզրակացությունը: «Այնքան վրդովված ենք, որ չգիտենք՝ ի´նչ ասել: Այսքան կարճ ժամանակում ինչպե՞ս որոշեցին, որ այդ տղան հոգեկան հիվանդ է: Եթե այդպես է, ինչո՞ւ հոգեբուժարանում չէր: Ինչպե՞ս է նա հանգիստ թափառել Երեւանի փողոցներում: Գժի թուղթ հանեց, պրծավ»,- զայրացած ասացին Ռուբեն Պողոսյանի բարեկամները:
Նրանց խոսքով՝ եթե սպանություն կատարողը հոգեկան հիվանդ լիներ, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավարը կնկատեր դա ու կհրաժարվեր նրան բուժելուց: Եղել են դեպքեր, երբ նա հրաժարվել է բուժել այնպիսի հիվանդների, որոնց իր մեթոդներով հնարավոր չէր օգնություն ցույց տալ:
Հարազատները դեռ չեն որոշել՝ կբողոքարկե՞ն արդյոք Ռուբեն Պողոսյանի սպանության համար մեղադրվողի անմեղսունակ լինելու եզրակացությունը:
Ի դեպ, հոգեբան Սամվել Խուդոյանն ու փաստաբան Ալբերտ Քարամյանը եզրակացությունը համարել են հեքիաթ ու անհիմն, քանի որ սպանողը երբեք հոգեբուժարանում հաշվառված չի եղել, իսկ սպանությունից հետո մանրամասն, առանց զառանցանքի պատմել է, թե ինչպես է սպանել Ռուբեն Պողոսյանին:
Հիշեցնենք՝ հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 2017 թվականի հուլիսի 17-ին, որտեղ էլ օրեր անց՝ հուլիսի 20-ին, մահացել էր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ