Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդից անցել է արդեն ավելի քան երկու ամիս, սակայն գործում դեռևս բազմաթիվ անհայտ կողմեր կան:
Միևնույն փաստի հիման վրա երկու քրեական գործ է հարուցվել` հայ և ռուս իրավապահ մարմինների կողմից: Գլխավոր մեղադրյալ ՌԴ 102- րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, սակայն, դեռևս ռուս իրավապահների մոտ է: Նրան հայկական կողմին հանձնելու մասին խնդրանքով ՌԴ գլխավոր դատախազին նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պահանջելով գործի քննությունը փոխանցել հայկական կողմին: Մինչդեռ նրա «տղամարդավարի խոստման» համաձայն` պետք է պահանջեր Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին: Ռուսական կողմի պատասխանը, սակայն, մարտի 10-ի դրությամբ չէր ստացվել, այդ մասին լրագրողներին ասել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Սպանվածների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասում է, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որոնցից որոշ եզրակացություններ արդեն հասանելի են:
«Ըստ Պերմյակովի ցուցմունքների՝ նա մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու համար, հետո շրջանառվեցին լուրեր, թե մտել է՝ հագուստ վերցնելու: Բայց, ի վերջո, ինչու՞ է սպանել այդ անձանց: Երբ հասնում ենք երեխաների սպանությանը, այստեղ արդեն առավել անտրամաբանական է դառնում գործողությունների շարունակությունը. սպանող անձը թողնում է իր հագուստները, կոշիկներն ու զենքը Ավետիսյանների տանը, հեռանում այդտեղից»,- ասում է Լուսինե Սահակյանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ դեռ անհրաժշետ է տեղազննության և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները համադրել իրար: Իրավապաշտպանը մեկ այլ կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն սևեռում:
«Բայց կան մեզ հուզող հարցեր: ՀՀ դատաիրավական մարմինները այդպես էլ քրեական գործ չեն հարուցել Պերմյակովի կողմից սահմանը խախտելու փորձի փաստի հիման վրա: Երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք Քննչական կոմիտեի առջև, իրենք հստակ պատասխան մեզ չեն տալիս և ասում են, որ ժամանակավրեպ են համարում նման հիմքով քրեական գործի հարուցումը, կամ մեղադրանքում հոդվածի ավելացումը», — ասում է նա:
ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս հունվարի 20-ին բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գլխավոր դատախազ Յուրի Չայկային, որում պահանջել էր Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնել Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմի պատասխան նամակում ասվում էր, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար կասկածվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է: Շաբաթներ առաջ ռուսական մամուլը գրել էր, որ հնարավոր է՝ Պերմյակովին դատեն ոչ թե Երևանում գտնվող ռուսական կայազորային դատարանում, այլ Դոնի Ռոստովում:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը իրերի այդպիսի դասավորությունը տեսնում է ոստիկանության գործողությունների արդյունքում:
«Մենք ոչ մեկից՝ ո´չ խնդրողի, ո´չ էլ պահանջողի դերում չէինք լինի, եթե ՀՀ ոստիկանությունը առաջին օրը գործեր այնպես, ինչպես պետք է գործեր: Իսկ նորմալ գործելու դեպքում, Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավազորության ներքո, համապատասխան քրեակատարողական հիմնարկում»,- ասում է նա:
Նշենք, որ գործի շրջանակում կարևոր հանգամանքներից մեկը, որ հաջողվել է պարզել, այն է, որ ընտանիքի 6 անդամները սպանվել են միևնույն զենքից: Այսօր ՀՀ քննչական կոմիտեն մեկ այլ տեղեկություն է հրապարակել, ըստ որի, եզրակացությունների համաձայն, տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։