Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ դատական տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին՝ սպանելով վերջինիս:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական քննությամբ պարզվել էր, որ կասկածյալը ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: