Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանը մեկ օր անց ազատ էր արձակվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել էր նրա փաստաբան Էդգար Թումասյանը։ Փաստաբանը հայտնել էր նաև, որ քննչական մարմինը գտնել էր, որ Մանուկ Առաքելյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է քրեական գործի ընթացքին խոչընդոտի, հետևաբար`քննիչը միջնորդել էր Մանուկ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Մյուս ձերբակալված պաշտոնյայի՝ Սլավիկ Ղազարյանի նկատմամբ ևս պետք է խափանման միջոցի որոշում կայացվեր։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Թամարա Յայլոյանը։ Հունիսի 2-ի ուշ գիշերը դատարանը երկու պաշտոնյաների նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների ձեռք բերած հիմնավոր տեղեկությունների հիման վրա մայիսի 31-ի առավոտյան ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյա։ Նրանք կասկածվում են ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու մեջ: Ձերբակալվածները քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Սլավիկ Ղազարյանն են։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում