Մաս առաջին
Հայաստանի տնտեսության համար դժվարին այս շրջանում հարկ է ուշադրությունը կենտրոնացնել դրա այն ճյուղին, որին մեր երկիրն ու բնակչությունը ավելի շատ է պատրաստ: Թեև վերջին մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում կատարվել են որոշակի բարեփոխումներ, սակայն ոլորտում դեռ անելիքներ շատ կան:
Առաջին հերթին, պետք է գյուղացիների հետ տարվող աշխատանքն ավելի ինտենսիվ դարձվի: Նրանց պետք է իրազեկել նոր գաղափարների, միջազգային նոր փորձի մասին: Եթե մենք ցանկանում ենք ավելացնել արտահանման ծավալները, պետք է տեղի արտադրողների ու գյուղացիների համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Նախորդ տարի, երբ եվրոպական սանկցիաների արդյունքում Ռուսաստանի Դաշնությունը զրկվեց Արևմուտքից ներկրվող խոշոր ծավալով գյուղմթերքից և մի շարք այլ ապրանքներից՝ թվում էր, թե Հայաստանի համար բացվել են արտահանման նոր հորիզոններ: Սակայն բազմաթիվ հայ տնտեսավարողներ խնդրի առջև կանգնեցին. Հայաստանում տնտեսական միջավայրն անբարենպաստ է արտադրությունը մեծացնելու համար:
Վերջին մեկ տարվա ընթացքում, օրինակ, նվազել է նաև Հայկական կոնյակի արտահանման ծավալը: Պատճառն, անշուշտ, Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակն է, քանի որ միայն 2013-2014թթ. Հայաստանից արտահանվող կոնյակի ու կոնյակի սպիրտների և գինու ընդհանուր ծավալներում ՌԴ-ի մասնաբաժինը կազմել է 80-85 տոկոս: Ռուբլու արտարժույթի նկատմամբ գրեթե կրկնակի արժեզրկման պատճառով կտրուկ նվազել է ռուսաստանցիների գնողունակության մակարդակը և առկա միջոցները նրանք սկսել են ուղղել առաջնային սպառման ապրանքների ձեռքբերմանը:
Կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանող համեմատաբար խոշոր շուրջ 15 և գինի արտահանող՝ շուրջ 7 ընկերություններից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ 2015թ. առաջին եռամսյակում արտահանվել է 736.5 հազ. լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով կոնյակ ու կոնյակի սպիրտ և 246.7 հազ. լիտր գինի, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխանաբար 1172.8 և 433.2 հազ. լիտրի դիմաց: Այսպիսով` արտահանման ծավալները նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են համապատասխանաբար 37.2 և 43.1 տոկոսով:
Այս իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ էր դիվերսիֆիկացնել վաճառքի ուղղությունները ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ ներառել ավելի շատ երկրներ: Տարբեր երկրների օրենսդրության հետ կապված` այդ գործընթացը կարող է ժամանակատար լինել, սակայն սկսելու համար դեռևս ուշ չէ: Այս քաղաքականությունը կբերի կոնյակի արտադրության ծավալների մեծացմանը:
Կան տեղեկություններ, որ արտադրող և իրացնող ընկերությունները եկել են որոշակի համաձայնության՝ սեփական շհույթի կրճատման ու կոնյակի գնի իջեցման հետ կապված, ինչը նույնպես կհանգեցնի այդ խմիչքի արտադրության ծավալի մեծացմանը:
Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև օտարերկրյա ներդրողների մոտ հետաքրքրություն ստեղծելը: Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է գրավիչ լինի նաև օտարերկրացիների և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Գյուղատնտեսության մեջ միայն ներդրումներ կատարելը կամ ծրագրեր իրականացնելը դեռևս բավարար չեն ցանկալի արդյունքի հասնելու համար: Պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել խնդրին, գործում ներառել առավել ճկուն ու նորարարական գաղափարներ ունեցողների ևս:
Շարունակելի