Գյուղատնտեսության նախարարությունը բոլոր գյուղացիներին զգուշացրել է առաջիկայում ցրտահարության վտանգի մասին և ներկայացրել է քայլերը, որոնք պետք է արվեն դրա հետևանքներից խուսափելու համար:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին:
«Այսօր բոլոր գյուղացիական տնտեսությունները sms հաղորդագրություններ կստանան և համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն»,- նշեց նախարարը:
Նախարարը հավելեց, որ նախարարությունը խորհուրդ է տալիս առատ ոռոգում իրականացնել պտղատու այգիներում բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է:
«Արդեն կա հանրապետության վարչապետի հանձնարարականը, որ առաջիկայում գոյացող սելավաջրերն ուղղել պտղատու այգիների ոռոգմանը»,- մանրամասնեց նախարարը:
Պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ նախորդ տարի մթերող կազմակերպությունները վճարե՞լ են գյուղացիների պարտքերը, որոնք կուտակվել էին անցած տարվա ընթացքում: Նախարարը հայտնեց, որ 10 օր առաջ իր մոտ ընդունել է խաղող մթերող բոլոր կազմակերպությունների ղեկավարներին:
«Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև ապրիլի1-ը ողջ պարտքը վճարվելու է: Անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մթերվել է 39 միլիարդ դրամի պտուղ-բանջարեղեն, որից այս պահի դրութամբ չի վճարվել ընդամենը 2.5 միլիարդ դրամը: Կան խնդիրներ, որոնք մեր ուշադրությ ան կենտրոնում են և առաջիկայում անպայման կկարգավորվեն»,- եզրափակեց Սերգո Կարապետյանը: