ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ հանձնարարական տվեց: Կարապետյանը հայտարարեց, որ գյուղատնտեսությունը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը: «Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններ ապահովելու եւ այն արդյունավետ ձեւով իրագործելու վրա»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալները իրենց մտահոգության տեղիք են տալիս, եւ, հետեւաբար, անհրաժեշտ է ոլորտում ձեւավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծություն կատարել:
«Հաշվի առնելով վերոգրյալը` հանձնարարում եմ գյուղատնտեսության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին եւ առաջարկում եմ Ազգային վիճակագրական ծառայությանը երկու շաբաթվա ընթացքում ամփոփել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերաբերյալ, այդ թվում` անդրադառնալ անկման պատճառներին»,- ասաց վարչապետը:
Կարապետյանի խոսքով՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ հունվար-օգոստոսի համեմատությամբ, բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ, բացի գյուղատնտեսությունից եւ շինարարությունից: «Ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այդ հետ ընկնելը: Դրան գումարած այն հանձնարարությունները, որոնք մենք տվել ենք շինարարության ոլորտին, դրան գումարած քաղաքաշինության կոմիտեի նախագահի կանխատեսումները, մենք ըտեղ մեծ պրոբլեմներ չենք տեսնում: Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մեզ պետք է թվերը ռեալ հասկանալ: Շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,- հանձնարարեց Կարապետյանը: