տուն Լուրեր Գյուղապետի որդին ծեծել է տարեց համագյուղացուն. հաշիվները մաքրում է համայնքի ղեկավար հայրը

Գյուղապետի որդին ծեծել է տարեց համագյուղացուն. հաշիվները մաքրում է համայնքի ղեկավար հայրը

121
0

սարատակ

Շիրակի մարզի Սարատակ համայնքում նախատեսված ընտրությունները ըստ էության խոստանում են թեժ լինել: Գործող համայնքի ղեկավար, գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, ինչի մասին մամուլն արդեն երկու օր է՝ գրում է:

Մասնավորապես, հրապարակումների համաձայն` գյուղապետի որդին դաժան ծեծի է ենթարկել գյուղի բնակիչներից մեկին՝ 65-ամյա Սվետլանա Վարդանյանին: Կինը Yerkir.am-ի հետ զրույցում պատմել  էր.  «Երեկոյան վերադառնում էի հորեղբորս տանից: Տնից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բռունցքով հարվածեց գլխիս: Ես ընկա գետին, հետո սկսեց ոտքերով-ձեռքերով հարվածել: Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղան էր՝ Արթուր Ղրզոյանը: Երբ նա փախավ, ես հետևից գնացի ու համոզվեցի, որ ինքն է»: Ի դեպ, նրա խոսքով՝ երբ այս պատմության մասին բարձրաձայնվել է, գյուղապետը գնացել է իրենց տուն: Գյուղապետը նախ հերքել է, որ որդին այս պատմության հետ կապ ունի, բայց երբ Սվետլանա Վարդանյանը նկարագրել է՝ ինչ կոշիկ, հագուստ է եղել տղայի հագին ու նաև ասել է, որ նրա դեմքը տեսել է, գյուղապետը սկսել է սպառնալ. «Եթե հանկարծ տղուս գլխից մի մազ պակասի, ես պատրաստ եմ ամեն ինչի, բոլոր սրբերը կուրանամ, ում ուզում եք` բողոքեք, ուզում եք` հանրապետության նախագահին բողոքեք»:

Araratnews.am-ի հետ զրույցում, սակայն, համայնքի ղեկավարը հերքեց այս տեղեկությունները, ասելով, թե որդին որեւէ մեկին չի ծեծել: «Էդ սուտ է, հորինված է, դրա համար էդ հորինողը պիտի պատասխան տա»,- նշեց Մ.Ղրզոյանը, հավելելով, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչո՞ւ են համագյուղացիները նման տեղեկություններ տարածում:

Մեր հարցին, թե Սվետլանա Վարդանյանը պնդում է, որ միջադեպից հետո գնացել եք իր տուն եւ սպառնացել, Սարատակի գյուղապետն արձագանքեց. «Ես գնացել եմ էն ժամանակ, երբ որ տղուս անհանգստացրել են ոստիկանության կողմից, թե սպես բան է եղել, ես դրանից հետո եմ գնացել, ու վերջ»` հավելելով, որ ինքը վայրենի չէ, որ սպառնա:

Նա նաեւ ասաց, թե համագյուղացու հետ շփում չեն ունեցել: «Եթե մի մարդ էդ ամեն ինչը տեղյակ չէ, չսպառնա, բայց սպառնալը ո՞րն է, ավտոմատը հանեցի` դոշին պահեցի՞»,- մեզ հետ զրույցում ասաց Միշա Ղրզոյանը:  Դիտարկմանը, թե  հայտարարել եք, որ Արթիկի միլպետը ձեր ընկերն է, ինչ ուզեք` կանեք, գյուղապետը տվեց հետեւյալ պատասխանը. «Ինչքան անասուն մարդ պիտի էղնի, որ ըսե` Արթիկի միլպետն  իմ ընկերս է, չիդեմ ով` քեռիս է, դու ինձ բան չես կրնա էնե»:

Միշա Ղրզոյանն ասաց, թե   Վարդանյանների ընտանիքն իրենց համար հարազատ է, և իր համար անհասկանալի է, թե` «էս ինչ թատրոն է»: Գյուղապետը չի  բացառում, որ կան մարդիկ, ովքեր այս ամենը հրահրում են: «Ինքը իրա հայտարարության համար պիտի պատասխան տա, եթե չտվեց` թող մտածե մյուսը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Նրա կարծիքով` տեղի ունեցող զարգացումները պայմանավորված են առաջիկա ընտրություններով:  Մեր այն հարցին, թե ՀՀԿ-ն այս անգամ սատարելո՞ւ է նրան, Ղրզոյանն այսպես արձագանքեց. «Ինչի ՀՀԿ-ն ի՞նչ պիտի էնե, գա գյուղացիների ձեռքը բռնե, իմ տեղս քվեարկե՞լ տա»:

Փայլակ Ֆահրադյան