Աժ-ում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի շուրջ ելույթ ունենալով` ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն ասաց.
«Ես կուզեի առավելապես կարևորել այդ նախաձեռնությունը մեր երկրի անվտանգության համատեսքստում: Մեզ համար կա մի վտանգ, որը վերաբերում է սահմանամերձ համայնքների ամայեցման: Կառավարության ներկայացրած այս օրենսդրական նախաձեռնությունը իրապես ուղղված է ապահովելու սահմանամերձ համայնքների բնականոն գործունեությունը : Անցած երկու օրվա ընթացքում տարբեր տեսակետներ հնչեցին, թե արդյոք այս ոլորտը պետք է կարգավորվի օրենքով, թե կառավությունն իր որոշմամբ պետք է հարկային արտոնություններ տրամադրի այդ համայնքների բնակիչներին: Նախ, ՀՀ-ում գործող երկու օրենքներով սահմանամերձ բնակավայր, սահմանամերձ համայնք հասկացությունները սահմանված չեն: Կառավարության երկու որոշումներով սահմանվել է, թե որ համայնքներին պետք է տրվեն արտոնություններ»:
Հարկային արտոնություններ ստացող համայնքներն ընտրվել են ըստ հետևյալ չափանիշների.
Ադրբեջանի հանրապետության հետ պետական սահմանի սահմանային գոտում գտնվելը, ՀՀ Սահմանային շերտում գտնվելը, ՀՀ կառավարության 1993-1995թթ. որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված լինելը:
Օրերս Աժ-ում կարծիք հնչեց, թե գյուղական համայնքը չի կարող լինել սահմանապահ։ Սահմանապահ կարելի է համարել միայն զինվորականներին: Կորյուն Նահապետյանն այդ պնդման հետ համաձայն չէ։ «Գյուղական համայնքները նույպես կարող են լինել սահմանապահ, ելնելով այն հանգամանքից, որ գտնվում են ռազմական գործողությունների մեջ: Տարբեր քաղաքական գործիչներ կարող են պնդումներ անել, բայց ինձ համար չափազանց կարևոր են մեր զինվորականների պնդումները»,- եզրափակեց Նահապետյանը: