Գույքային հարկերից ազատման գործընթացը լավ պրակտիկա չէ։ Խորհրդարանում «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը քննարկելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ ապահովագրության ներդրումն ավելի ինստիտուցիոնալ լուծում է, քան հարկերից ազատումը․ «Երբ մենք ոչ թե 5 կամ 10 հազար զիջելու ենք հարկը, այլ ապահովագրելու ենք բերքը, այսինքն՝ հնարավոր եկամուտների կորուստն է ապահովագրվելու, որն ավելի էական ու կարևոր խնդիր կլուծի,- ասաց նա՝ շեշտելով,- Գույքային հարկերից ազատման գործընթացը լավ պրակտիկա չէ, մենք, հակառակը, պետք է գնանք կապիտալի հարկման նոր մեխանիզմների ներդրման, ոչ թե գույքային հարկերից մարդկանց ազատելուն»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին առաջարկեց ժեստ անել և վնաս կրելու դեպքում ազատել գյուղացուն հողի հարկից:
«Մենք ի՞նչ ենք ասում՝ եղել է կարկտահարություն, ցրտահարություն, պետք չէ միլիմետրով դնել այդ 50 տոկոսը: Կա արբանյակ, կա թվային տնտեսություն, դնում ենք, ասում՝ ժեստ է անում պետությունը: Պետությունն ասում է՝ ես իմ ֆունկցիան լիարժեք չեմ կարողանում կատարել քո նկատմամբ, գոնե հողի հարկից քեզ ազատենք,- նշեց նա՝ հավելելով: — Պարզ, հասարակ տրամաբանություն է, որ գյուղացին զգա, որ պետությունն առաջին քայլով սա է անում, երկրորդ քայլով պետք է անպայման փոխհատուցի, չէ՞ որ աղետ է եղել, ո՞վ պետք է գյուղացուն օգնի, իհարկե, պետությունը»։