տուն Լուրեր Գումարներ տնտեսել, փաստորեն, հնարավոր էր

Գումարներ տնտեսել, փաստորեն, հնարավոր էր

148
0

timthumb

Հնարավոր  չէր պետական բյուջեի միջոցներից խնայողություններ անել, եւ սոցիալական խնդիրներ լուծել: Այսօր բյուջեի հաջորդ տարվա  ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին նման հարցադրում արեց ԱԺ պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս  նաեւ հարցրեց. «Որքան կարելի էր տնտեսել բազկաթոռներից, կահույքից,  սկսած մինչեւ  ոչ առաջնային ծախսերի համար: Դեսպանությունների ներկայացուցչություններից, օրինակ, այդ ինչ դիվանագիտական հաղթանակներ են եղել երկրի համար, որ հատկացվող գումարի չափը մեծացել է, հաշվի առնելով դիվանագիտական ներկայացուցչական բացարձակ անբավարար աշխատանքը»:

Տիգրան Ուրիխանյանը նաեւ  հարցրեց, թե Վերահսկիչ պալատը իր զեկույցներից մեկում նշել է, որ Ֆինանսների նախարարությունը շուրջ յոթ-ութ հազար դոլար է ծախսել մի ծրագրի ներբեռնման համար, որը հետագայում պարզվել է, որ հնարավոր էր  անվճար ներբեռնել: Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե այդ գումարը արդյոք հետգանձվել է պետական բյուջե:

Պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցերին, Պավել Սաֆարյանը խոստովանեց, որ գումարներ տնտեսել հնարավոր էր, սակայն իրենք հաշվի են առնում այլ երկրների փորձը: Ինչ վերաբերում է դեսպանատներին հատկացվող ֆինանսական միջոցներին, ապա Սաֆարյանը չհամաձայնեց, որ նրանք անբավարար աշխատանք են կատարել:

Անդրադառնալով էլ ՎՊ-ի զեկույցում տեղ գտած հրապարակմանը,  Սաֆարյանն ասաց, որ այս պահին հարցին պատասխանել չի կարող եւ առաջարկեց գրավոր ուղարկել այն:

Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ, ըստ էության, հնարավոր էր գումարներ տնտեսել, եւ սոցիալական փաթեթ մշակել, բայց չի արվել: