տուն Լուրեր Բլոգ Գրողի տունն ու գրողի ծոցը

Գրողի տունն ու գրողի ծոցը

252
0

Շիրազին վերագրվող սրամտություններից մեկն էլ սա էր. «Գրողների տուն եկա ՝ գրողները տանը չէին»: ՀՀ Գրողների միության ու քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ նման խնդիր այլևս չի առաջանա՝ հայ մեծանուն բոլոր գրողներն այսուհետև լինելու են Գրողների տանը, հենց շենքի կողքին, Բաղրամյանի պողոտայի սկզբնամասում: Այդ ազնիվ ու ազգանվեր նպատակով նրանց խորհրդանշական գերեզմաններն ու շիրմաքարերն են փորվում-դրվում նախկին խոտածածկի փոխարեն: Հետայսու ուխտագնացություն հայոց մեծերի պանթեոն լինելու է հեշտ ու մատչելի բոլորի ու հատկապես հարեւան ԱԺ-Նախագահականի հաճախորդների համար՝ երկու քայլ անելուց, կամ հենց մեքենայի պատուհանից մի ծաղիկ կամ ծխախոտ շպրտելով երեւակայական գերեզմաններին, հայերն իրենց տուրքը տված կհամարեն:
Այս քարանձավային գերեզմանաշինության ու ասֆալտապատման մոլուցքը լավագույնս բնորոշում է ներկայիս իշխող տգիտությունն ու անճաշակությունը: Գրողներին մեծարելու համար գրքեր են պետք եւ ընթերցողներ, զբոսայգիներ ու լռություն է պետք, ստվեր ու հով երեւանյան տափին, այլ ոչ թե հերթական քարե բուրգեր վերջին կանաչ տարածքների հաշվին եւ ոչ թե ռաբիս-շանսոն կլկլոցներ այգիների անթիվ սրճարան-ռեստորաններում:
Գրողների այգի՝ ինչպիսի՛ ազնիվ ու գեղեցիկ գաղափար եւ ինչպիսի գռեհիկ ու անիմաստ կատարում… Մի- մի ծառ տնկեք ամեն մի գրողի անունով, մի ստվեր ու օդի շունչ ավելացրեք քաղաքին, այլ ոչ թե սնափառությամբ տոգորված դատարկ ու կեղծ գերեզմաններ: Շիրազը ճիշտ էր՝ Գրողների տանը գրող չկար ու չկա: Գրողի ծոցը…

Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից