ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ԲՀԿ «մի խումբ խառնակիչներ» սխալ հունով են տարել Գագիկ Ծառուկյանին եւ ժողովրդական շարժումը: Մինչ Ծառուկյանի հետ կատարվածը, Տեր-Պետրոսյանը որեւէ կերպ չի ակնարկել, որ ԲՀԿ-ն ունի «խառնակիչներ»: Չգիտես ինչու, Տեր-Պետրոսյանը նրանց անունը չի տալիս: Թեեւ չի տալիս հավանաբար այն պատճառով, որ անուն տալը ինքնախոստովանության պես բան կստացվի, քանի որ կպարզվի, թե որքան ակնհայտ ու բաց էին այդ մարդկանց գործողություններն ու թիմային պատկանելությունը ու թե ինչպես է Տեր-Պետրոսյանը իր թիմով գործակցել այդ «խառնակիչների» հետ:
Գրեթե բոլորն են արձանագրել, որ «Սրտի պարտք» վերնագրված հոդվածով Տեր-Պետրոսյանն իրականում ոչ թե Ծառուկյանին է արդարացնում, նրա քայլի հանդեպ վեհանձնություն ցուցաբերում եւ մեղադրում ընդամենը «մի խումբ խառնակիչների», այլ արդարացնում է լոկ ինքզինքը, տողատակում ակնարկելով, որ ինքն ամեն ինչ արել է ճշգրիտ, եւ գործը ձախողվել է իրենից անկախ հանգամանքով:
Ինչ խոսք, հոդվածում տեղ գտած մի շարք պնդումներից ելնելով, առավել ճշգրիտ վերնագիրը կարող էր լինել «ստի պարտքը» կամ ավելի շուտ «ստի ոտքը», որովհետեւ, Տեր-Պետրոսյանն օրինակ խոսում է Գագիկ Ծառուկյանի ինչ որ զրկանքների մասին, թեեւ նրա այսպես ասած ընդդիմադիր գործունեության ընթացքում նա ոչ միայն որեւէ զրկանք չի կրել, ոչ միայն շարունակել է զարմանալիորեն մնալ հարկատուների ցուցակների ստորին հորիզոնականներում՝ լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, այլ նաեւ օժտվել նոր տնտեսական մենաշնորհով, շարունակել պահպանել այլ գերիշխող դիրքեր: Ծառուկյանի նման «զրկանքների» շարքը կարելի է թվարկել, բայց դա տվյալ դեպքում էական չէ:
Տեր-Պետրոսյանն ասում է, թե 2013 թվականի նախագահի ընտրությանը Ծառուկյանը չպաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դա ասվում է այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի իսկ գնահատմամբ մեծ ժողովրդականություն, ռեսուրսներ, խարիզմա եւ ընտրազանգված ունեցող գործիչը չի առաջադրվում նախագահի թեկնածու, Սերժ Սարգսյանին թողնելով «խփել որքան ուզում է»: Տվյալ պարագայում ինտելեկտուալ որոշակի պաշարի բացակայության դեպքում է հնարավոր հայտարարել, թե Ծառուկյանը «չպաշտպանեց» Սերժ Սարգսյանին: Տեր-Պետրոսյանի դեպքում ինտելեկտուալ պաշարը երեւի թե կբավականացնի մի ամբողջ քաղաքական դաշտի, հետեւաբար գործ ունենք պարզունակ մանիպուլյացիայի, կեղծիքի կամ ստի հետ:
Տեր-Պետրոսյանը համեմատում է Ծառուկյանին ու Խաչատուր Սուքիասյանին, ինչով փաստացի փորձում է նսեմացնել 2008-ից հետո իրենից աստիճանաբար տարանջատված Սուքիասյանին, որովհետեւ գործնականում Սուքիասյանի եւ Ծառուկյանի գործողությունները բացարձակ համեմատելի չեն: Խաչատուր Սուքիասյանը կատարել է բաց ընտրություն, հայտարարել այդ մասին, ծավալել բաց գործունեություն եւ դրա հետեւանքով կրել ակնհայտ կորուստներ, թեեւ անգամ այդ պարագայում չի նահանջել իր կատարած քայլից:
Մանրամասներն՝ այստեղ: