Google ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային փոստի իր նոր ծառայությունը՝ Inbox-ը։ Այս մասին ասվում է Google-ի բլոգում։
Նոր ծառայությունը, որն իրենից ներկայացնում է Android-ի, iOS-ի և Chrome-ի հավելված, ստեղծել է հենց այն նույն թիմը, որն աշխատել է Gmail-ի վրա։ Նոր ծառայությունը նախատեսված է էլեկտրոնային փոստի ավտոմատ մտավոր վերամշակման համար։
Հիմնական նպատակն այն է, որպեսզի ստացված նամակները ներկայացվեն օգտատերին նրա համար առավել հարմար տեսքով։ Inbox-ը համախմբում է միանման նամակները։ Նամակների ցուցակում կլինեն փոքր լուսանկարներ, կառանձնացվեն առցանց խանութների պատվերները։ Ինչպես և Gmail-ում՝ Inbox-ում կա փոստաղբից պաշտպանվելու համակարգ։ Հնարավոր է նաև որոնում։
Ներկայում այն հասանելի է Google-ից ստացված հրավերներով և այն օգտատերերի հրավերներով, ովքեր արդեն գրանցվել են այս ծառայությունում։