Ամերիկյան Google համացանցային հսկան հայտարարել է բժշկական California Life Co կամ պարզապես Calico ընկերությունում խոշոր ներդրումների մասին: Ընկերության գործունեությունը կենտրոնացած է տարիքային հիվանդությունների վրա՝ հայտնում է Vesti-ն:
Հաղորդվում է, որ ընկերությունը կգլխավորի Արթուր Լևինսոնը՝ Apple-ի և Genetech-ի տնօրենների խորհրդի նախագահը, Genetech-ի նախկին գլխավոր տնօրենը, ինչպես նաև Google-ի ղեկավարման անդամը: Լևինսոնը կհամատեղի նոր նշանակումը ներկայում զբաղեցրած պաշտոնների հետ և պատասխանատվություն կկրի Calico-ի աշխատանքի համար Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջի առջև:
Google+ սոցցանցի իր էջում Փեյջը նշել է, որ Google-ի բաժնետերերը չպետք է զարմանան, եթե ընկերությունը գումար ներդնի նախագծերում, որոնք կարող են տարբեր լինել Google-ի համացանցային բիզնեսից:
Նա հայտարարել է, որ ընկերությունում տեխնոլոգիաների ներուժը տեսնում են ոչ միայն համացանցում, այլև մարդկանց կյանքի բարելավման մեջ:
Google-ը չի հայտնել, թե ինչ ծավալի ներդրում է կատարել Calico-ում: