ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող սրճարաններից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 23-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկի մուտքի դուռը, մտել ներս և գաղտնի հափշտակել առկա կանխիկ գումարը և «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ստացվել են սրճարանի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ բացում սրճարանի մուտքի դուռը և սրճարանի սրահից վերցնում ինչ-որ իրեր:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: