Գներն անշեղորեն աճելու միտում և տեմպ ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով հարցին` արդյոք աշնանը սպասվո՞ւմ են նոր թանկացումներ:
«Օրինակ` բանջարեղենն այս տարվա առաջին կիսամյակում թանկացել է 15 տոկոսով` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և ոչ միայն բանջարեղենը, ամեն ինչն է թանկանում: Բայց տնտեսական քաղաքականության հիմնական դրույթն ասում է, որ գների աճին զուգահեռ պետք է լինի նաև եկամուտների աճ, ինչպես Արևմուտքում` լինում է 10 տոկոս գնաճ, մարդկանց եկամուտն էլ աճում է 17 տոկոսով, և մարդկանց վիճակը բարելավվում է: Իսկ մեզ մոտ չենք էլ հիշում, թե վերջին անգամ նպաստներն ու թոշակները երբ են բարձրացրել»,- նշեց բանախոսը:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում գրեթե բոլոր ապրանքների դեպքում թանկացումներն արվում են աննկատ` քիչ-քիչ, որպեսզի սպառողները տարբերությունը միանգամից չհասկանան. «Ցավոք սրտի, մեր փորձն ասում է, որ գնաճն անխուսափելի է: Իսկ այդ թանկացումներն արվում են աննկատ, օրինակ` կարագը մեր տվյալներով թանկացել է 25 տոկոսով: Կամ եթե ամեն օր հացի քաշը 7 գրամով նվազում է, դա նկատելի չի լինում, որովհետև չկա այդպիսի կշեռք, որ 7 գրամ տարբերությունը ցույց տա, այդպիսի կշեռք միայն լաբորատորիայում կա: Շուտով քաղաքային տրանսպորտը կթանկանա. բրիտանական ընկերությանը գումար են տվել տրանսպորտի ոլորտում խորհրդատվության համար, այդ գումարը ո՞ւմ գրպանից պետք է գնա, այնպես որ, անխուսափելի է գների բարձրացումը»:
Մանրամասները` տեսանյութում: