Ռուսաստանում գնաճի տեմպերը շարունակում են ահագնանալ: Փետրվարի 17-24 ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% գնաճ, իսկ փետրվար ամսովա ընթացքում`1,9%: Այս տարվա ընթացքում արձանագրված գնաճը 5,8% է, ինչի մասին վկայում են Ռուսաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Այսպիսով, ելնելով գերատեսչության հրապարակած տվյալներից` կարելի է փաստել, փետրվարի 24-ի դրությամբ ընդհանուր տարեկան գնաճը կազմել է 16.2%:
Մեկ շաբաթ առաջ երկրում սպառողական գները աճել էին 0.4 տոկոսային կետով, մինչ այդ` 0.6%-ով, իսկ դրան նախորդել էր 0.9%-անոց աճը:
Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում գնաճը կազմել է 1.3%, իսկ ամսական գնաճը` 0.7%:
Ինչպես հաղորդում է «Ռոսստատը», վերջին մեկ շաբաթվա ընթացքում թեյի գները աճել են 2.1%-ով, սառեցված ձկնամթերքի գները` 2%-ով, բրնձի գինը` 1.7%-ով, և այլն:
Սակայն կան նաև ապրանքներ, որոնք աննշան կերպով էժանացել են: Օրինակ, հավկիթը էժանացել է 0.2, շաքարավազը, հնդկաձավարը, օղին` 0.1%-ով:
Բանջարաբոստանային կուլտուրաների գները միջին հաշվով աճել են 0.1%-ով: Միևնույն ժամանակ, լոլիկն էժանացել է 6.1%-ով:
0.1%-ով նվազել են նաև բենզինի ու դիզելային վառելիքի գները:
2015 թվականի հունվար ամսին ինֆլյացիան կազմել էր 3.9%` համեմատած նախորդ ամսվա հետ, երբ գնաճը 2.6% էր: Այսպիսով, հունվար ամսին Ռուսաստանում սպառողական գները հասել են վերջին 16 տարիների ընթացքում իրենց առավելագույն ցուցանիշին: Վերջին անգամ ինֆլյացիայի նման մակարդակ գրանցվել է 1999 թվականին` 4.1%: Տարեկան հաշվարկով ինֆլյացիայի մակարդակը հունվարին կազմել է 15%:
2014 թվականի ընթացքում երկրում սպառողական գները աճել են 11.4%-ով, ինչը 2008 թվականից հետո առավելագույն ցուցանիշն է:
Այսպիսի թանկացումները Հայաստանի Հանրապետության համար կարող են երկակի ազդեցություն ունենալ: Այն ապրանքների գծով, որոնք Հայաստանը ներմուծում է, երկիրը կտուժի, քանի որ ներմուծումը կթանկանա: Սակայն, մյուս կողմից էլ Հայաստանը կարող է շահել, քանի որ Ռուսաստան արտահանվող շատ ապրանքներ ևս թանկացել են: Բացի այդ, արդեն թանկացած ապրանքների համար հայկական փոխարինիչների ավելի մատչելի լինելու դեպքում կարող է արձանագրվել Հայաստանի արտահանման աճ ու առևտրային հաշվեկշռի պակասուրդի նվազում: