տուն Լուրեր Գնաճը կարելի է զսպել ներմուծման մենաշնորհը վերացնելով

Գնաճը կարելի է զսպել ներմուծման մենաշնորհը վերացնելով

149
0

img5777

Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ դրամն արժեզրկվեց 8%-ով, այդ առիթով Կենտրոնական բանկը տարածեց հաղորդագրություն. «Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին: Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով»:

Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձևավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի և դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:

Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաև մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձևավորվող սպասումները:

Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել տևական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով, կարող է կրել սեզոնային բնույթ և կարող է լինել կարճաժամկետ:

ՀՀ ԿԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ փոփոխություններն ունեն կարճաժամկետ բնույթ և պայմանավորված են բնակչության մոտ ձևավորված սպասումներով:

ՀՀ ԿԲ-ը տիրապետում է ՀՀ միջազգային պահուստներին, որոնց համախառն ծավալը կազում է 1,66 մլրդ. դոլար, և կիրառելով իր տրամադրության տակ գտնվող գործիքակազմը կարող է սահմանել փոխարժեքի մակարդակը, բայց ՀՀ ԿԲ-ի կողմից որդեգրած ազատ լողացող փոխարժեքի քաղաքականության նպատակն է՝ փոխարժեքի տատանումները չափավորելն և չափազանց մեծ տատանումները կանխելը:

Փոխարժեքի տատանումները կարճաժամկետ կտրվածքով գրեթե միշտ ունենում են բացասական հետևանքներ: Երկարաժամկետ կտրվածքով ՀՀ դրամի արժեզրկումը կբերի ներմուծվող ապրանքների գնաճի տեմպերի արագացմանը, արտահանման խթանմանը: Գնաճի տեմպերն այս տարի գտնվում են նպատակային տոկոսադրույքից ( 4+_1,5% ) ցածր մակարդակում, և ազգային արժույթի դիրքերի թուլացումն՝ գնաճը կհասցնի նպատակային տոկոսադրույքի սահմանված մակարդակին: Ազգային արժույթի դիրքերի թուլացումը դրական ազդեցություն կունենա արտահանման վրա, քանի որ արտահանող կազմակերպությունների մոտ կնվազի արտադրանքի ինքնարժեքը՝ արտարժույթով արտահայտված:

Քանի որ ՀՀ 2015թ. մտնում է Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ՝ ՀՀ հիմնական տնտեսական գործընկերներն են դառնալու ԵՏՄ կազմի մեջ գտնվող երկրները, իսկ ԵՏՄ-ի մեջ ամենամեծ տնտեսությունը ունի Ռուսաստանը, որի ազգային արժույթը՝ ռուբլին ամիսներ շարունակ արժեզրկվում է, և այդ տեսանկյունից ՀՀ ազգային արժույթի ներկայիս փոխարժեքը նպաստավոր պայմաններ չի ստեղծում ՀՀ արտահանմանը միտված գործարարների համար, այդ իսկ պատճառով պետք է ավելի շատ արժեզրկել ՀՀ դրամը, որը կբերի լրացուցիչ գնաճի, իսկ այդ գնաճը կարելի է զսպել ներմուծման մենաշնորհը վերացնելով:
Հայկ Մարտիրոսյան