2016 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ համագործակցելով համայնքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:
«Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, որովհետև շատ բողոք կա բազմաբնակարան շենքերի տակ և՛ բարոյական կերպարի, և՛ անհանգստության մասին»,- մեկ տարի առաջ ասել էր Կարեն Կարապետյանը:
2017 թվականի նոյեմբերի 27-ին Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Սա ենթադրում է, որ հեստապարային ակումբները, կարաոկեները, դիսկոտեկները կտեղափոխվեն բազմաբնակարան շենքերի հատվածներից:
Փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբում մի քանի ամիս է՝ ներգրավվել է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը: Araratnews.am-ի հետ զրույցում Արամ Վարդեւանյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել, թե ի՛նչ մեխանիզմներով են գիշերային ակումբները, կարաոկեները եւ այլ ժամանցի վայրեր դուրս բերվելու բազմաբնակարան շենքերից, եւ ի՞նչ լուծումներ են մշակվել, որպեսզի ե՛ւ բնակիչները գոհ մնան, ե՛ւ գործարարները չտուժեն:
Գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ Երեւանի քաղաքապետարան, խնդրելով մեզ տրամադրել այն օբյեկտների ցուցակը, որոնք «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների համաձայն կա՛մ պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, կա՛մ տեղափոխվեն այլ վայրեր:
Քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանը ներկայացնում ենք ստորեւ. «Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ վարչությունը ՀՀ օրենդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում (իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում) որևիցե տնտեսավարող սուբյեկտի գործունեության արգելման, դադարեցման իրավասություն չունի: Միաժամանակ տեղեկացվում է, որ գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության, դրանք այլ վայր տեղափոխելու նպատակով` համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու համար մշակվում է նախագիծ»:
Փայլակ Ֆահրադյան