տուն Լուրեր Ղազախստանում արգելելու են հայկական պետհամարանիշների երկարատև օգտագործումը

Ղազախստանում արգելելու են հայկական պետհամարանիշների երկարատև օգտագործումը

178
0

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր են սահմանափակումներ մտցնել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի ավտոհամարանիշներով մեքենաների շահագործման ոլորտում։

Եթե մեքենան տրանզիտով անցնում է Ղազախստանի տարածքով, ապա նրան կտրվի մինչև 10 օր ժամանակ։ Եթե մեքենայի տերը մտադիր է ավելի երկար գտնվել այդ երկրի տարածքում, ապա ստիպված է լինելու «ժամանակավոր կացության» վկայական ստանալ մեքենայի համար։

Նախարար Եռլան Տուրգումբաևն այս որոշումը պայմանավորել է նրանով, որ հատկապես ԵԱՏՄ անդամ պետությունների պետհամարանիշներով մեքենաները սկսել են առևտրային ու ուղևորափոխադրման գործառույթներ իրականացնել, բայց չեն գործում հարկային դաշտում, քանի որ չունեն Ղազախստանի գրանցում։ Ավելին, ըստ նախարարի, այդ մեքենաների սեփականատերերին հնարավոր չէ նաև տուգանել նույն պատճառով։

Ըստ այդմ` նախարարը ներքին քննարկումներ է սկսել վերը նշված փոփոխությունները կատարելու և սահմանափակումները մտցնելու համար։ Այս փոփոխությունների իրական պատճառները, սակայն, այլ տեղ կարող են լինել։

Քանի որ Հայաստանը դեռ արտոնյալ կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում, ապա այստեղ մեքենա ներմուծելն ավելի էժան է։ Արդյունքում, Ղազախստանի բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան, այստեղից գնում էժան մեքենաներ ու գրանցում հենց Հայաստանում։ Դրա արդյունքում նրանք խուսափում են Ղազախստանում ավելի բարձր գնով մաքսազերծումից ու մեքենան այնտեղ շարունակում են վարել հայկական համարանիշներով։ Իսկ Ղազախստանի բյուջեն, ըստ այդմ, զրկվում է մաքսազերծումներից ակնկալվող գումարներից։