Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Doğan լրատվական գործակալությունը:
Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը:
Doğan-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես հիմնավորում դատարանը նշել է, որ չկան բավարար ապացույցներ այն մասին, թե Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:
Թուրք փաստաբանը հավելել է, որ իրենք արդեն ստացել են դատարանի վճիռը և պատրաստվում են առաջիկայում հայց ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ 8 տարբեր հայցեր են ներկայացվել Գերմանիայի սահմանադրական դատարան: