Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն Նախագահ,
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում անձամբ իմ և իմ համերկրացիների սրտանց բարեմաղթանքները:
Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը:
Մաղթում եմ Ձեզ բարօրություն և առողջություն, իսկ հայ ժողովրդին՝ լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ»:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:
Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ: