տուն Քաղաքական Վերլուծական Գեորգիևյան անմոռուկ

Գեորգիևյան անմոռուկ

167
0

 

georg1990-ականների սկզբին, երբ հայաստանյան ամբողջ հասարակությունը զարթոնք էր ապրում բազմադարյա կեղեքումներից ու գաղութացումներից հետո, դժվար էր անգամ պատկերացնել, որ անկախացումից ընդամենը երկուսուկես տասնամյակ անց միջազգայնորեն, իրավաբանորեն և ընդհանրապես բոլոր նորմերով անկախ պետականության իշխանության ղեկին կհայտնվեն խմբավորումներ, որոնց բոլոր ջանքերն ուղղված կլինեն հայաստանյան հասարակության՝ որպես ուրույն տեսակի ոչնչացմանը:

Ցավոք ներկայումս այն ամենն, ինչին մենք ականտես ենք լինում լրատվամիջոցներում, սոցցանցերում, դպրոցում, փողոցում և ընդհանրապես հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում հակիրճ կարող ենք անվանել արհեստական զոմբիացման լեթարգիա, որի ազդեցությունը կամա թե ակամա տարածվում է ամնգամ ամենասթափ քաղաքացիների վրա:

Վերջին 25 տարում հայաստանյան իշխող վարչախմբերը այդպես չկարողացան մշակել անկախ պետականության քաղաքացու արժեհամակարգ ու աշխարհայացք: Ձախողելով ցանկացած պետականության համար առանցքային այդ հենասյուների կերտման գործընթացը, երկրի բարձրագույն իշխանությունը յուրացրած վարչախմբերը շարժվեցին ամենադյուրին և միաժամանակ ոչ մի տեղ չտանող ճանապարհով:

Տարեց տարի ավելի ու ավելի ակտիվացան զանազան ռազմահայրենասիրական  փսևդո- գաղափարախոսությունների քարոզչությունն ու գովերգը: Վերջին 15 տարում իշխանությունը փաստացի ուզուրպացրած Հանրապետական կուսակցության «ջանքերով» փորձ արվեց ազգային-պետական գաղափարախոսության պակասը լրացնել ազգայնական ու տրաֆարետային լոզունգաբանությամբ, որի արդյունքում ներկայումս մենք իրական քաղաքացու և հասարակության փոխարեն ունենք բուտաֆորային մի գոյացություն, որն ուղղակիորեն փշրվում է ռեալ ներկայի հետ ցանկացած շփումից:

Իհարկե, այս «սև գործի» հեղինակները ի սկզբանե գուցե և գիտակցում էին իրենց որդեգրած «քաղաքականության»  բացերն ու արատները, հասկանալի է նաև, որ ռազմա-հայրենասիրության քողի տակ մատուցվող «արժեհամակարգային սնունդը» ծառայելու էր լոկ վարչախմբի մեկուսացմանն ու գործունեության (հանցագործության) վերարտադրությանը, սակայն ցանկացած գաղափարախոսության կամ փսևդոգաղափարախոսության  քարոզիչ որոշակի պահից սկսած նույնպես կորցնում է իրականության հետ կապը և հայտնվում իր իսկ հորինած իրականության մեջ:

Հենց այսպիսի, իսկ ժողովրդական լեզվով ասած Հ1-յան իրականության մեջ է ներկայումս գտնվում հայաստանյան այսպես կոչված իշխող վերնախավը: 2008 թվականի մարտի 1-ին արյունարբու հաշվեհարդար տեսնելով հասարակության ընդդիմադիր հատվածի հետ, ներկայիս վարչակարգը փաստացի ինքն իրեն դրեց քաղաքական ու  գաղափարական վակուումի մեջ, ընդ որում մինչ այդ առկա քաղաքական վակուումը «լցվում էր» վարչախմբային տարբեր պրոեկտներով (ՕԵԿ, ԲՀԿ և այլն): Սակայն ինչպես ցանկացած նախագիծ, «իշխանական» նախագիծ ընդդիմությունները ևս բնականաբար վաղ թե ուշ սպառելու էին իրենց ինչը և եղավ: Այս գործընթացների վերջին ակորդը ԲՀԿ-ի և նրա ղեկավարի շուրջ իրականացված փետրվարյան ներկայացումն էր:

Փսևդոգաղափարական պլանում իրադրությունը փոքր-ինչ այլ էր: 2014 թվականից վարչախումբը փորձեց, ի դեպ բավական հաջող, հանրային ուշադրությունը շեղել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների վրա՝ կրկին ժողովրդական լեզվով ասած  հայաստանյան հասարակությանը փորձ արվեց «անմոռուկախեդ անել»: Սրան գումարվեց Մոսկվայում  Հայերնական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումը, որի խորհրդանիշ է ընդունվել Գեորգիևյան ժապավենը: Ընդ որում շեշտենք, որ սույն սիմվոլիան ընդամենը 10 տարվա պատմություն ունի և միմիայն Պուտինի մտքի ծնունդն է, սակայն սա այլ քննարկման թեմա է:

Որքան էլ կարող էր աբսուրդային հնչել, հայաստանյան «վերնախավային»  իրականության մեջ գեորգիևյան ժապավենի տակ նույնացվեցին ԽՍՀՄ տարած հաղթանակն ու Շուշիի ազատագրումը: Երևույթն ինքն գրեթե ենթական չէ քննարկման կամ վերլուծության, քանի որ այն կարող է լավագույն դեպքում տեղավորվել հիչքոքյան կամ կաֆկայական որևէ սցենարի մեջ:

Սակայն արդեն ետևում են Ապրիլի 24-ն ու Մայիսի 9-ը և ներկայումս հայաստանյան հասրակությանը մնում է դիմանալ ևս մեկ սյուռ-տոնի՝ մայիսի 28-ի պաթոսաբանությանը, որի հետո քաղաքական-գաղափարաբանական վակուումը վերջնականապես ցույց կտա իր իրական «հզորությունը»:

Նկարագրված իրադրության մեջ սակայն կա մի շատ կարևոր դրական կետ: Առկա պայմաններում գործունեության և ծննդի լայն հնարավորություններ են ընձեռված առողջ ու որակապես նոր ուժի կամ ուժերի ձևավորման համար, որը ի զորու կլինի, թեկուզ և մեծ դժվարությամբ ձեռնարկել հայաստանյան նոր տիպի հասրակության կերտումը՝ իր բոլոր բաղադրիչներով՝ քաղաքական դաշտ, պետական հայեցակարգ,  քաղաքացիական արժեհամակարգ և այլն:

Աղասի Մարգարյան