ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի «Վանևան» ռեստորանում հունիսի 18-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ. Մինասյանը շուրջ 10 անձանց հետ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում գտնվող «Վանևան» ռեստորանում մասնակցել է խնջույքի, որի ընթացքում կեսգիշերին Ռ. Մինասյանը կոտրել է ռեստորանին պատկանող սպասքը, ապա վիճաբանել ռեստորանի մենեջեր Հ.Ավետիսյանի հետ, հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությունը շարունակվել է նաև Հ.Ավետիսյանի որդու և վերջինիս ընկերոջ՝ ռեստորան ժամանելուց հետո, որի ժամանակ խնջույքի մասնակիցները բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով տարբեր հարվածներ հասցնելով ռեստորանի մենեջերի, նրա որդու և ընկերոջ մարմնի տարբեր մասերին։
Դեպքի առթիվ 2016 թվականի հունիսի 19-ին Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ռ.Մինասյանին և խնջույքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: