տուն Լուրեր Գեղարքունիքի կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ․ նախարար

Գեղարքունիքի կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ․ նախարար

141
0

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին խնդրեց պարզաբանում տալ, թե ինչ է կատարվում Սևանա լճում։

Գրիգորյանն արձագանքեց, որ լճում տեղի ունեցող երևույթները մի քանի գործոնների հետևանք են և տեղեկացրեց, որ այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը առկա է նաև Սև ծովում, Բայկալ լճում և այլ լճերում։ Ըստ նրա՝ խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս։

«Մեկն այն է, որ Գեղարքունիքում ձևավորվող կեղտաջրերի, կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է Սևանա լիճ, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից։ Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում լիճ»,- ասաց նա։

Ըստ նախարարի, հիմնական պատճառը Սևանում առկա սառը շերտն էր, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել է, ինչը լճի մակարդակի 6 մետր բարձրացման դեպքում կկարգավորվի և  հնարավորություն կտա, որպեսզի օրգանական նյութերի աճը պակասի։

Ինչ վերաբերում է փորձագիտական եզրակացություններին, նախարարն ասաց, որ անընդհատ մոնիտորինգ են անում․ «Դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձ ունեն։ Այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կլինի և հստակ կլինի, թե ինչ լուծումներ պետք է տրվեն»։