Բանակցությունները դեռևս շարունակվում են, որևէ նորություն չկա։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա ժխտեց, որ «Գազպրոմի» նկատմամբ վերջին տուգանքն այդ բանակցությունների համատեքստում է․ «Բացարձակ դրա հետ որևէ կապ չունի, պետք է բացել ընդամենը տուգանքի փաստաթղթերը, և կտեսնեք՝ դա ինչի համար է արվում։ Այդ տուգանքը 10 օր առաջ եղել է նախազգուշացում, որը նույնպես տուգանքի տեսակ է, որովհետև ընդհանրապես պետք չի զուգահեռներ անցկացնել»։
Դիտարկմանը, թե բանակցությունները երկար ժամանակ շարունակվում են, հնարավո՞ր է, որ այն կապված է Պուտինի Հայաստան կատարելիք այցի հետ, և գուցե վերջնական լուծում հենց այդ ժամանակ կտրվի, Բաղրամյանը նշեց․ «Բանակցությունները մի քանի փուլով են ընթանում։ Ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, դրա հետ կարող է կապվել ավելի շատ սահմանին գազի գնի ձևավորման հարցը»։