Գազի գնի սուբսիդավորման շուրջ բանակցությունների ընթացքից պարզ կլինի, թե որքան «Գազպրոմ Արմենիան» կսուբսիդավորի գազի գինը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հարցին՝ ինչի՞ հաշվին է «Գազպրոմ Արմենիան» սուբսիդավորվելու, փոխվարչապետը պատասխանեց․«Բանակցություններն ընթացքի մեջ են, և որևէ նոր բան այս պահին չեմ կարող ասել։ Ընդհանուր առմամբ, գործում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն իսկ խոսել ենք»։
Ավինյանի խոսքով՝ «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքում հաշվի են առնվում տարբեր բաղադրիչներ․ «Այդ կոմպոնենտների հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը սպառողի համար։ Մասնավորապես, դա տեղի է ունենում օպտիմալացման, վերահաշվարկի հաշվին, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին։ Ես կարծում եմ, որ մենք կգտնենք այն կետերը, որտեղ օպտիմալացումը հնարավոր է»։
Հարցին՝ մեկ տարվա սուբսիդավորումը ֆիքսվա՞ծ է, թե» տարվա կեսից կարող են այլևս չսուբսիդավորել, Ավինյանը արձագանքեց՝ կրկնելով, որ բանակցություններն ընթացքի մեջ են, և նոր տեղեկատվություն դեպքում կհայտնեն։