Հայաստանի Կառավարությունը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի շարունակվի համագործակցությունը գազի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Լրագրողի հարցին, որ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Իրանի հետ լավ հարաբերությունների համար, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ, Հայաստանն արդյոք միանալո՞ւ է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, ՀՀ դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր կառույց լինելով, այսօր չի կարողանում լիարժեք կերպով օգնել Իրանին տարբեր երկրների եւ ընկերությունների հետ անխափան տնտեսական կապեր ունենալու գործում: Այս պայմաններում Հայաստանի Կառավարությունը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի շարունակվի համագործակցությունը գազի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Պատրաստ ենք նաեւ առավելագույն ջանքեր գործադրել առեւտրի եւ ներդրումային ծրագրերի իրականացման գործում»:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ փետրվարի 27-ին Թեհրանում կայանալիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում վերը նշված բոլոր հարցերի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ կլինեն: