տուն Լուրեր Գասպարիի կալանավորումն անօրինական է. Ընդդիմադիր պատգամավորները դատապարտում են

Գասպարիի կալանավորումն անօրինական է. Ընդդիմադիր պատգամավորները դատապարտում են

91
0

Gaspari1

ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարություն արեց: Նա անդրադարձավ 2 oր առաջ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հարցին: «Ժողովրդավարական երկրներում խորհրդարանն ունի նաև սահմանադրական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն, և առաջարկում եմ ապահովել խորհրդարանի արձագանքը քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդկանց համար: Այս տարի կալանավորվեց Գևորգ Սաֆարյանը, երկու օր առաջ կալանավորվեց Վարդգես Գասպարին: Գասպարին կալանավորվեց զուտ նրա համար, որ իշխանությունների կամայականությունների դեմ կազմակերպում էր ակցիաներ: Ես առաջարկում եմ ԱԺ-ին տվյալներն ուսումնասիրել և ներկայացնել խորհրդարանին»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Արձագանքելով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ցանկացած ժողովրդավարական երկրի համար քաղբանտարկյալների առակայությունն անթույլատրելի է: «Քաղաքական բանտարկյալների առակայությունն անթույլատրելի է, և մենք տեսել ենք ժամանակաշրջան, որ ունեցել ենք քաղաքական բանտարկյալներ, սակայն այդ ժամանակներն անցյալում են մնացել: Իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց կարծիքները, ես ընդունում եմ Ձեր կարծիքը, սակայն թույլ տվեք ես էլ ունենամ իմ կարծիքն` այն է, որ ես չեմ կարծում, որ այս կալանավորման հիմքում քաղաքական ենթատեքստ կա: Իրավունք չունենք միջամտել իրավապահ մարմինների աշխատանքներին, սակայն հորդորում եմ դատավորի դեռ չստանձնել»,- ասաց Շարմազանովը: Վերջինիս արձագանքը զարմացրեց Լևոն Զուրաբյանին.«Ես զարմացած եմ ձեր պահվածքից, Դուք, ի տարբերություն Գալուստ Սահակյանի, ավելի անհանդուրժող եք և ցանկացած հարց վերածում եք պրոպագանդայի: Դուք 2008 թվականին 70 մարդ բանտերում եք պահել, որոնք եղել են կուսակցությունների առաջնորդներ այլն: Դուք իրավո՞ւնք ունեք խոսել քաղբանտարկյալներից: Վարդգես Գասպարիի մասին ասեմ, որ ես չեմ ասում միջամտեք, ես ասում եմ` տեղեկություն ուզեք և հայտնեք խորհրդարանին»:

Գասպարիի մասին խոսեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոսջտանջյանը, հայտարարելով, որ քաղաքացիական ակտիվիստին կալանավորել են անօրինական. «Նրան կալանավորել են առանց դատարան տանելու, միչդեռ օրենքի պահանջն այն է, որ նրան պետք տանեն դատարան: Այո, նախորդ դարում էլ կային քաղբանտարկյալներ, որոշ քաղբանտարկյալներ այսօր ԱԺ-ում են»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ, համաձայնելով գերծընկերների հետ, ավելացրեց. «Սահմանադրությունը փոխելուց ասում էիք, որ ընդդիմության դերն եք բարձրացնում, է, հիմա խեղճ ընդդիմությունը մի բան է խնդրում, ասում ա` գնա, իմացի՝ ի՞նչ է եղել: Ի՞նչ է` սրա իրավունքն էլ չունի ընդդիմությունը, բա ամոթ չէ՞, հիմա սա պիտի քննարկե՞նք»:

Քաղաքացիական ակտիվիստի կալանավորմանն անդրադաձավ նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ ի նշան բողոքի` դեմ է քվեարկելու բոլոր նախագծերին. «Վարդգես Գասպարիի կալանավորման որոշումը կայացել է Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Նելի Բաղդասարյանը, իսկ այդ կալանքի հիմքերը, շատ մեղմ ասած, կասկածելի են, պարզպաես չեմ ցանկանում ասել ապօրինի: Վարդգես Գասպարին ունի շաքարային դիաբետի և արյան ճնշման հետ կապված խնդիրներ և նրան կալանավորելը խոշտանգում կարելի է համարել: Կալանավորում են այն դեպքում, երբ պատիժն իր մեղադրանքի համար առավելագույնը 3 ամիս կալանք է նախատեսում»: