Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է մարտի 8-ի` Կանանց տոնի առիթով։ Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության, ուղերձում ասվում է.
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ:
Արդարև, կանանց կոչման մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսխն է ընտանիքի:
Անփոխարինելի է կանանց դերը ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով և հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով ու մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի խտացումը մեր կյանքում: Հավասար հնարավորությունների մեր դարում անուրանալի է նաև կանանց դերն ու բերած ավանդը գիտության, կրթության, տնտեսության և հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառներում` նպաստելով մեր հասարակության բարօրությանն ու զարգացմանը:
Սիրելի մայրեր, քույրեր ու դուստրեր, Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ խնամքի ներքո հարստացնեք մեր կյանքը` լցնելով այն ձեր բարի գործերով, սիրով, հոգատարությամբ ու առաքինի օրինակով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` «առաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից»:
Թող Ամենակալն Աստված շնորհազարդի ձեզ հոգևոր առաքինություններով և պարգևի ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու անսպառ ուրախություն` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն»: