Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են անմեղ անձեր, վիրավորվել տասնյակ քաղաքացիներ:
Նորին Սրբությունը Միացյալ Թագավորության վարչապետին և ժողովրդին փոխանցել է Հայոց Եկեղեցու և նրա բարեպաշտ հավատացելոց սրտակցությունն ու զորակցությունը:
«Ահաբեկչությունը հակառակ է Աստծո կամքին: Չկա որևէ կրոն, ուսմունք կամ արժեքային համակարգ, որ արդարացնի ատելությունը, թշնամանքը և բռնությունը այլոց նկատմամբ, խրախուսի հույսերով առլեցուն մարդկային կյանքի ընդհատումը: Մենք խստորեն դատապարտում ենք կատարվածը և հույս հայտնում, որ հանդիման այս սոսկալի երևույթի` քաղաքակիրթ աշխարհը կմիավորի իր ջանքերը` հանուն խաղաղության ու մարդկության անվտանգ կյանքի»,– նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է․ «Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած օժանդակություն ցուցաբերել Լոնդոնին»:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն են հայտնել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։