Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է «Լույս» պարբերականը:
Քվարկությանը մասնակցել են պատրիարքարանի 34 հոգևորականներ: Արքեպիսկոպոս Բեքչյանը ստացել է 23 ձայն, իսկ մյուս թեկնածուն` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը` 11 ձայն:
Պատրիարքի տեղապահի մյուս թեկնածուն` պատրիարքարանի հոգևոր խորհուրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը` աջակցություն հայտնելով Գարեգի Բեքչյանին: Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը այժմ պետք է թողնի իր պաշտոնը, իսկ նորընտիր տեղապահը պատրիարքարանը ղեկավարելու է մինչև նոր պատրիարքի ընտրությունը` միևնույն ժամանակ նախապատրաստելով ընտրության գործընթացը:
Ակնկալվում է, որ առաջիկա տասը օրվա ընթացքում կձևավորվի նախաձեռնող խումբ, որը տեղապահի հետ միասին կզբաղվի պատրիարքական ընտրությունների աշխատանքներով: Եթե վեց ամսվա ընթացքում ընտրություններ չիրականացվեն, ապա տեղապահի և նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի: