տուն Լուրեր Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպանին

87
0

img_2420.thumb

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առավել զարգացնելու և խորացնելու համար:

Փոխշահավետ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները:

Գալուստ Սահակյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցելու երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Մեր երկրում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ ալ Էնեզին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր աշխատանքով կնպաստի արդեն ձևավորված երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանը: Նա նույնպես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:

Դեսպանն ուրախությամբ նշել է, որ Քուվեյթի Պետությունում գտնվող հայ համայնքը մեծ դեր է ունեցել իրենց պետության զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: