Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելը նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան այդ ազատությունից օգտվելը և այն ի շահ հասարակության գործածելը: Սա նշանակում է թշնամանքի և անհանդուրժողականության բացառում և գործընկերային փոխհարաբերություններ պետության, հասարակության ու ԶԼՄ-ների միջև՝ անկախ վերջիններիս ունեցած քաղաքական դիրքորոշումից, ուղղվածությունից և այն գաղափարախոսությունից ու գործելակերպից, որ բնորոշ է որևէ լրատվամիջոցի:
Այդ փոխհարաբերությունների հիմքը նույն հասարակության շահն է, որը գերակա է և խոսքի ազատությունը երաշխավորող իշխանության, և այդ ազատությունը գործնականում կրող ու իրացնող ԶԼՄ-ների համար: Լրատվամիջոցների այն բազմազանությունը, որ առկա է մեզանում, և նրանց անխոչընդոտ գործունեությունը փաստում են այդ շահի ըմբռնման ու գիտակցման մասին:
Քաղաքացիական հասարակության կայացումը մեր երկրում չընդհատվող գործընթաց է:
Պետությունն անհրաժեշտ իրավական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ ապահովելով այնպիսի մթնոլորտ և գործունեության պայմաններ, որոնց առկայությամբ հայաստանյան մամուլը կարողանում է լիարժեքորեն տիրապետել խոսքի ազատությանը և հնարավորինս օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքել հասարակության խնդիրներին, հրապարակայնացնել նրա հարցադրումները և պահանջները:
Խոսքի ազատությունը պատասխանատվության հետ մեկտեղ պահանջում է նաև այն չարաշահելուց ձեռնպահ մնալու, ճշմարտության դեմ չմեղանչելու, պատեհապաշտությամբ և ամբոխահաճությամբ չգայթակղվելու խիզախություն: Վստահ եմ, որ մեր ԶԼՄ-ները կշարունակեն արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմաններն ու հնարավորությունները՝ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվելով ճշմարտության առաջնայնությամբ և համամարդկային արժեքներով:
Մաղթում եմ ձեզ, հարգելի լրագրողներ և ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաջողություն, բարեկեցություն և լավատեսություն»: