ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հասարակության կյանքի վատթարացման հետ մեկտեղ վատանում է նաև պաշտոնյաների կյանքը, ավելին՝ պաշտոնյաներ կան, ովքեր գիշերները չեն քնում: Դիտարկմանը, թե չեն քնում, քանի որ փողե՞րն են հաշվում՝ արձագանքեց. «Չէ, իրենց գումարները հաշվողներ կան»,- ասաց նախարարը: Ըստ Խաչատրյանի, եթե պետական պաշտոնյան մտածում է, որ իր պաշտոնը վայելքի համար է, բնականաբար, կհաշվի իր գումարները, իսկ եթե անհանգստանում է իր գործի համար, ապա՝ ոչ:
Ինչպես հայտնի է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օրերս ԱԺ-ում հայատրարել էր, որ 2016 թվականը դժվար տարի է լինելու, այն դեպքում, երբ Կառավարության գործը հասարակության կյանքը հեշտացնելն է, հետեւաբար նման բան ասողը չպե՞տք է հրաժարական տա, հարցին, Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ այդ տրամաբանությունից ելնելով` ամբողջ աշխարհում ամեն օր մեկը պետք է հրաժարական տար. «Կառավարությունները, հատկապես ներկա պայմաններում, երբ կան սոցիալական ցանցեր, երբ ժողովուրդն ամեն ինչի մասին իմանում է, բնականաբար, կառավարությունների կյանքը բարդանում է, և կառավարությունների խնդիրն այն է, որ կարողանան այնքան շատ գործեր անել, որ կարողանան իրենք ռիսկերը թուլացնեն, սա բնական պրոցես է ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե հակասություններ չկա՞ն, որ նման սուղ բյուջեի պայմաններում նախարարությունների ծախսերը չեն կրճատվում՝ մեքենաներն ավելանում են, գործուղումները՝ շատանում, նախարարը պատասխանեց, որ իրականում հակասություններ կան: «Դրա մեջ տրամաբանություն կա, սակայն, եթե դուք ուշադիր հետևեք կոնկրետ մեր՝ Ֆինանսների նախարարությանը, ապա հունվար ամսվանից կրճատումներ ենք անում, մոտավորապես 4 միլիարդ դրամ կրճատումներ ենք արել: Սակայն մեկ օրում անել հնարավոր չէ, քանի որ պետք է բարեփոխումներ կատարես: Նույն հարկային ծախսերը՝ մենք 5 տարվա ընթացքում 57 տեսչությունից թողեցինք 21-ը, սակայն մեկ տարում դա չէինք կարող անել և դրա շրջանակներում բազմաթիվ հարկային ծառայողներ կրճատվեցին, իսկ հիմա գործընթացը շարունակվում է և՛ հարկայինում, և՛ մաքսայինում, և՛ նախարարությունում»,- շարունակեց նա: Մեր դիտարկմանը, թե՝ եթե Հայաստանի պաշտոնյաներն այսքան ճոխ կյանք չվարեին, միգուցե ՀՀ-ում աղքատության մակարդակն այսքան բարձր չլիներ, և գումարը հատկացվեր սոցիալական հարցերը լուծելուն՝ նախարարը նկատեց, որ չի կարելի վերջից ներքև իջեցնել, պետք է հակառակն անել: «Միայն պաշտոնատար անձինք չեն, քանի որ ոչ միայն պետք է մտածել, որ մարդիկ, ովքեր վերևում են, ներքև իջնեն, այլ մտածենք, թե ինչ անենք, որ ներքևից վերև բարձրացնենք»,- ասաց նա: Լրագրողների պնդմանը, թե պաշտոնյաների հայտարարագրերի թվերի մեծությունից անգամ վախենալ կարելի է, արձագանքեց` ընդգծելով, որ պետք է չհայտարարագրված թվերից վախենալ:
Լրագրողները ֆինանսների նախարարին նաեւ հիշեցրեցին, որ դեռևս 2013 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն Կառավարությունը, որն ընդհուպ մինչև 2017 թվականն ամեն տարի չկարողանա ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ըստ իշխանությունների` Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հեռացվեց հենց այս պատճառաբանությամբ: Հիմա Հովիկ Աբրահամյանը կառավարման իր առաջին տարում սահմանեց 4 տոկոս, այս տարվա համար էլ շեմն ավելի է իջեցրել՝ 2.2 տոկոս, ավելին՝ որոշ նախարարներ պնդում են, որ 2016 թվականին կյանքն ավելի է բարդանալու: Հետեւաբար, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ստեղծված իրավիճակը կառավարության հրաժարական չի ենթադրում, որին էլ ի պատասխան նախարարն ասաց, թե ժամանակները փոխվում են: «Հիմա մենք ամեն օր արթնանալով հասկանում ենք, որ այլ իրաղության մեջ ենք: Պետք է կառավարության առջև տնտեսական աճ ապահովելու խնդիր դրվի, բայց իրողություններն ամեն օր, ամեն ժամ փոխվում են: Տնտեսական իրողությունները այնպիսին են, որ նույնիսկ մեր ՝ մասնագետների համար հնարավոր չէ հստակ գնհատական տալ տնտեսության մասին, քանի որ նույնիսկ ենթադրություններ անելիս են մասնագետները կաշկանդվում, որվհետև այնքան արագ են պարամետները փոխվում, այսօր, անգամ միջազգային մակարդակով չեք գտնի մասնագետ, որ մեկ ամսվա կտրվածքով վերլուծություն անի»: