տուն Լուրեր Գագիկ Ծառուկյանը կկարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ. Օսկանյան

Գագիկ Ծառուկյանը կկարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ. Օսկանյան

108
0

vardan

«Համախմբում» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, բացի իշխող Հանրապետականից, մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը չի բացառում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այս պահին անուն չեմ տա, բայց  կասեմ հետևյալը. մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ խոսելու»,- ասաց Վարդան Օսկանյանը, հավելելով, որ դաշինքով ընտրությունների գնալը ցանկալի կլինի:

«Եթե մենք ընտրություններին գնանք առանձին, ապա ցուցակը գլխավորելու եմ ես: Եթե գնանք դաշինքով, ես անձամբ եւ կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իր անձնական հավակնությունները մի կողմ դնել եւ շարժվել ըստ իրավիճակի»,- նշեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած Օսկանյանը պատրաստ է համագործակցելու նաեւ նախկին թիմի հետ, եթե անգամ ԲՀԿ-ն կրկին ղեկավարի կուսակցության նախկին առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը:

«Մենք ճանապարհ ենք անցել, համոզված եմ՝ թե՛ ես, թե՛ մեր գործընկերները չենք փոշմանել: Մենք խնդիր էինք դրել խաղաղ ճանապարհով, օրինակական միջոցներով երկրում իրավիճակ փոխել: Հիմա լսում եմ բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- շարունակեց Օսկանյանը,  համոզմունք հայտնելով,  որ վերադարձից հետո էլ Գագիկ Ծառուկյանը կկարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ: