Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս նահանգի Ռամբույե քաղաքում մեկնարկում են Հայաստանին նվիրված կլոր-սեղան քննակումներ:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, Մերկուր հյուրանոցում անցկացվող քննարկումների մեկնարկին ներկա են գտնվելու նաև Ֆրանսիա Սենատի նախագահ Ժերար Լարշեն և Ռամբույեի քաղաքապետ Մարկ Ռոբերը: Քննարկումները տևելու են մեկ շաբաթ:
Երեք հիմական կլոր-սեղաններից առաջինը նվիրված է հայկական մշակույթին և վերնագրված է «Ինչպե՞ս է Հայաստանը վերակենդանում և գրում իր պատմությունը», որի բանախոսներն են Անտուան Ագուջյանը, Նատալի Բարավյանը և Քրիստինա Գալստյանը:
Երկրորդ քննարկումը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին և վերնագրված է «Հարգանքի տուրք Հրանտ Դինքին», որի ընթացքում ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսիս Գովչյանը կանդրադառնա Դինքի գործունեությանը և թողած ժառանգությանը:
Երրորդ քննարկումը նվիրված է Հայաստանի աշխարհաքաղաքականությանը, որին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Փարիզի համալսարանից պատմության դոկտոր Իվ Տերնոնը, Ֆրանսիական աշխարհաքաղաքականության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Ռայմոն Գևորգյանը և Ալեքսիս Գովչյանը: