Ֆրանսիայի եվրոպական հարցերով Պետքարտուղար պարոն Հալեմ Դեզիրը ողջունում է Արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով, նշվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
«Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար: Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումներրը Եվրամիության և Հայաստանի միջև, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի Պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակելու Հայատանին՝ երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում»,- նշվում է հայտարարության մեջ: