Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերջին օրերին շփման գծում առկա լարվածության աճի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, հորդորում վերջինիս դատապարտել Ադրբեջանի Ալիևյան ռեժիմի սանձազերծած ռազմական էսկալացիան և ուժեղացնել ճնշումը ադրբեջանցի բռնապետի հանդեպ:
Այս շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին նոր ընթացք տալու նպատակով: Բանակցությունների այս նոր փուլի մեկնարկին զուգահեռ Ալիևյան ռեժիմը բազմապատկում է շփման գծում երկու կողմից մարդկային կորուստներ առաջացնող ռազմական սադրանքները: Այսպես՝ նախորդ շաբաթ, ադրբեջանական զինուժը տանկեր է կիրառել առաջին անգամ 1994թ. հրադադարից հետո:
«Մեր շրջանակը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերը և բոլոր նախաձեռնությունները, որ կոչված են ամրապնդելու Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը», հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: «Միաժամանակ, եթե Մինսկի խումբը ցանկանում է վստահելի լինել, ապա այն պետք է հստակորեն դատապարտի Ադրբեջանին՝ Բաքվի բռնապետին հասկացնելով, որ վերջինիս ռազմական քայլերը միայն տանելու են դեպի Միջազգային քրեական դատարան:», ավելացրել է ֆրանսիացի պատգամավորը: Բարեկամության շրջանակը հարկ է համարում ընդգծել, որ, արդեն որերորդ անգամ, Ալիևյան ռեժիմն իր ռազմական սադրանքների քաղաքականությունն ուժեղացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթաժողովին ընդառաջ՝ փորձելով արգելափակել որևէ առաջընթաց բանակցություններում:
«Նման իրավիճակներում ագրեսսորի և զոհի միջև հավասարության նշան դնելը համարժեք է ագրեսսորի կողմը բռնելուն», հստակեցրել է Ֆրանսուա Ռոշբլուանը: «Մինսկի խմբի համանախագահները, և մասնավորապես ֆրանսիացի միջնորդը, պետք է պարտադրեն Բաքվին ընդունել շփման գծում մշտական դիտորդներին, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ձևավորմանը և բազմաթիվ սպանությունների համար պատասխանատու դիպուկահարների հեռացմանը շփման գծից:» Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ աննախադեպ աստիճանի հասած լարվածության թուլացմանը և բանակցությունների դյուրացմանն ուղղված այս ողջամիտ առաջարկներն ընդունել են բոլոր բանակցողները բացառությամբ Ալիևյան ռեժիմից»:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին : Այն այսօր համախմբում է ֆրանսիայի ամենամեծ քաղաքական կուսակցությունները ներկայացնող մոտ 50 քաղաքական գործիչների /պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր և այլն/: Շրջանակը նպատակ ունի աջակցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությանը, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը, խզել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջազգային մեկուսացումը և նպաստել Հարավային Կովկասի ժողովուրդների միջև երկխոսությանն և փոխանակումներին։