Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումներից հետո, երեկ երեկոյան մասնակից երկրների առաջնորդները նույն հարկի տակ, կարելի է ասել՝ հայավարի քեֆ-ուրախություն էին անում: Ֆրանսիայի նախագահը՝ տիկնոջ հետ, Կանադայի վարչապետը, Մոնակոյի արքայազնը և այլ երկրների առաջնորդներ պարում էին հայկական երաժշտության ներքո, համտեսում հայկական խոհանոցի ճաշատեսակներն ու վայելում հայկական մթնոլորտը:
Այդ ուրախ ճաշկերույթներից տեսանյութեր եւ լուսանկարներ ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակել են ոչ միայն մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այլեւ հյուրընկալված երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Ինչու էին գերտերությունների ղեկավարներն այդքան «հավեսով» քեֆ անում մեր ղեկավարի կողմից տրված պաշտոնական ընթրիքին: Եթե մտաբերենք Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիներին կազմակերպված պաշտոնական ճաշկերույթները, նման բան չենք հիշի, քանի որ նախկին վարչապետը ամեն առիթով գնում էր այս կամ քրեական տարրի, օլիգարխի որդու կամ դստեր հարսանիքին: Սերժ Սարգսյանը քեֆ էր անում հայ օլիգարխների հետ, իսկ Փաշինյանը, որպես կանոն, մերժում է նման բոլոր միջոցառումների հրավերները։
Տարածված տեսանյութերից և լուսանկարներից ակնհայտ է, որ ներկաներն անկեղծ ուրախանում են: Այս ամենի մեջ կա ոչ միայն պետական մակարդակով հարաբերություններ, այլ նաև բնական, մարդկային ընկերություն: Ուրվագծվում է այնպիսի պատկեր, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ընկերություն և մտերմություն է անում այս մարդկանց հետ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլև որպես Նիկոլ: Քոչարյանը, օրինակ՝ ընկերություն էր անում և կարծես մինչ օրս ընկեր է Պուտինի հետ, իսկ Փաշինյանը՝ Մակրոնի և Թրյուդոյի հետ: Թող ների ինձ ընթերցողը, բայց, կարծում եմ, համեմատության եզրեր չկան:
Երբ այս քեֆ-ուրախությունից անցում ենք կատարում ներքաղաքական իրավիճակի գնահատմանը, ինքներս մեզ բռնում ենք այն մտքի վրա, որ այս փոխված իրավիճակը չպետք է թույլ տալ շրջելու հակառակ։ Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացին սրա համար է պայքարել. Հայաստանի քաղաքացին երազել է սիրել ու հարգել իր ղեկավարին, երազել է, որ իր երկրի առաջնորդին հարգեն գերտերությունների ղեկավարները։
Այս համատեքստում է, որ պետք է երկուշաբթի օրվանից ձգել գոտիներն ու լինել էլ ավելի աչալուրջ՝ թույլ չտալու ռևանշիստական ուժերի որևէ «խլվրտոց», քանի որ արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ներկայացնելու է իր հրաժարականը։ Հնարավոր է, որ նրանք այդքան էլ հեշտ անձնատուր չլինեն, դիմեն տարատեսակ սադրանքների, փորձեն մինչև վերջ «խռխռալ»: Ուժայինները առաջիկա երկու ամիսներին պետք է լինեն չափից ավելի ուշադիր և զգոն՝ թույլ չտալու համար որևէ սադրանք:
ՀՀ քաղաքացին գրեթե մեկ տարի է՝ ոտքի վրա պայքարի է դուրս եկել և պետք է այն մինչեւ վերջ տանի, որպեսզի այսուհետ յուրաքանչյուր Ամանոր դիմավորի անՍերժ, անՌոբ ու ազատ Հայաստանում:
Հարություն Մկրտչյան