Facebook-ը առանց զգուշացնելու հեռացրել է Femen International-ի օգտահաշիվը, որը միավորել էր 80 հազար օգտատերերի: Այս մասին հաղորդում է Newsru.ua-ն:
«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ խտրականություն է ցուցաբերվում Ցուկերբերգի ենթակաների կողմից: Մեկ տարի առաջ Facebook-ը ոչնչացրել է FEMEN-ի 170 հազարանոց ֆաների էջը: Եթե առաջինի դեպքում այդ սոցցանցը FEMEN-ին մեղադրեց պոռնոգրաֆիա տարածելու մեջ, ապա այս անգամ օգտահաշվի փակման պատճառներն ընդհանրապես հայտնի չեն», — ասվում է FEMEN-ի կայքում:
Այս քայլն ուկրաինական կազմակերպությունում բացատրում են facebook-ում և Instagram-ում մերկ կանանց նկարներն արգելելով: «Կանանց մերկությունը միշտ ազատության նշան է, և ոտնձգությունը դրա նկատմամբ հավասարազոր է ազատության և մարդու իրավունքների դեմ ոտնձգության», — ասել են կազմակերպությունում:
Այս կազմակերպությունում Ցուկերբերգին խորհուրդ են տվել ուսումնասիրել շարիաթ և արգելել ոչ միայն կնոջ մերկ կուրծքը, այլ նաև դեմքը: