տուն Աշխարհ Facebook և Instagram կայքերը հեռացրել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին «աջակցող» գրառումները....

Facebook և Instagram կայքերը հեռացրել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին «աջակցող» գրառումները. աղբյուր

295
0

Ամերիկյան Facebook ընկերությունը համանուն սոցիալական ցանցից և դրան պատկանող Instagram-ից հեռացրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջակցության մասին գրառումները, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով ընկերության ներկայացուցչի`CNN հեռուստաալիքին տված հայտարարությանը:

Facebook-ում նշել են, որ իրենք աշխատում են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում:

Ըստ աղբյուրի` որոշ սահմանափակումներ վերաբերում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարությանը ԱՄՆ վերաբերմունքին: Նշվում է, որ «ԱՄՆ սև ցուցակը» գովերգող կամ նրանց գործողությունների շարունակականության կոչ անող անձանց օգտահաշիվները հեռացվում են:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն` Իրանում սոցիալական ցանցերի բոյկոտման կոչ է արվել և կառավարական կայքում օգտահաշիվների ջնջման վերաբերյալ բողոքների ներկայացման համար բաժին է ստեղծվել:

Նշվում է, որ իսլամական հանրապետությունում նախորդ տարվա նոյեմբերից անջատվել է համացանցը, ինչպես նաև արգելվել է Facebook և Twitter սոցիալական կայքեր մուտքը:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ ավիահարվածից Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը: