Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Փրինսթոնի համալսարանի երկու գիտնականներ կանխատեսել էին Facebook-ի մոտալուտ մահը, քանի որ մինչև 2018 թվականը 80 տոկոս օգտատերեր լքելու են այդ սոցիալական ցանցը:
Այսօր Facebook-ի աշխատակիցը ծաղրել է Փրինսթոնի համալսարանի գիտնականների այդ վերլուծությունը և կանխատեսել համալսարանի մոտալուտ «մահը»: Մայք Դևելինը, ով մասնագիտությամբ մաթեմատիկոս է և աշխատում է աշխարհի ամենամեծ սոցցանցում, նշում է, որ հաշվի առնելով այն մեթոդը, որով առաջնորդվել էին Փրինսթոնի համալսարանի աշխատակիցները` կարելի է եզրակացնել, որ այդ համալսարանը շուտով կդադարի գոյություն ունենալ, քանի որ սկսել են պակասել համալսարանի էջի «լայքերը: Դա ապացուցվում է նաև նրանով, որ 2000 թվականից պակասել են Փրինսթոնցիների հոդվածների թիվը Google Scholar-ում:
Բացի այդ, համադրելով Google-ում Փրինսթոն բառի որոնումները ուսանողների թվի հետ` Դևելինը եզրակացնում է, որ մինչև 2018 թվական համալսարանը կորցնելու է իր ուսանողների կեսը, իսկ 2021-ին` համալսարանում ուսանող չի մնալու: Իր հումորային հրապարակման վերջում մաթեմատիկոսը գրում է, որ 2060 թվականին Երկրի վրա թթվածին չի մնալու, քանի որ «թթվածնի» որոնումները նույնպես պակասել են: