տուն Տնտեսական EURHODIP-ի տնօրենների խորհրդի նիստը` Երևանում

EURHODIP-ի տնօրենների խորհրդի նիստը` Երևանում

176
0

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի (EURHODIP) տնօրենների խորհրդի նիստը:

Նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 11-ին Երևան են ժամանել EURHODIP-ի տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, խորհրդի անդամներ Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Սլովակիայից, Լիտվայից, Սլովենիայից, Շվեյցարիայից, Խորվաթիայից:

Նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

EURHODIP-ը հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիա է Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Այն գործում է Եվրամիության հովանու ներքո և համարվում է հյուրընկալության և զբոսաշրջության ամենահեղինակավոր ցանցերից մեկը Եվրոպայում: Անդամակցությունը EURHODIP-ին հնարավորություն է տալիս ապահովել եզակի, նորարարական և բարձրորակ ծառայություններ: EURHODIP-ի անդամները դառնում են դպրոցների, համալսարանների և ուսումնական կենտրոնների միջազգային ցանցի մի մասը, և նրանց նպատակն է՝ հյուրընկալության ոլորտում ապահովել բարձրորակ կրթություն: Տուրիզմի հայկական ինստիտուտը 2010թ.-ից անդամակցում է EURHODIP-ին:

EURHODIP-ի ամենամյա համաժողովները, մասնագիտական միջոցառումները իրադարձություններ են, որոնք ուղղված են միաժամանակ և´ դասավանդողների և´ուսանողների` հյուրընկալության և հասարակական սննդի արդյունաբերության մասին պատկերացումները խորացնելուն: Յուրաքանչյուր համաժողով համախմբում է մի շարք միջազգային դասախոսական և ուսանողական կազմեր, ովքեր ցանկանում են քննարկել կոնկրետ թեմաներ:

Բացի EURHODIP-ի ամենամյա համաժողովներից, տարեկան երկու անգամ տեղի է ունենում նաև EURHODIP տնօրենների խորհրդի նիստը, որի անդամները 23-ն են և ներկայացնում են 20 երկրներ: EURHODIP-ի տնօրենների խորհրդի անդամ է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

EURHODIP-ի կողմից 2013թ. Տուրիզմի հայկական ինստիտուտին շնորհվել է առաջին մրցանակ, իսկ վերջին մի քանի տարիներին հայկական ինստիտուտի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են EURHODIP-ի կողմից կազմակերպվող ամենամյա Marianne Muller միջազգային ուսանողական մրցույթին և հաղթանակներ տանում:

Հայաստան ժամանած EURHODIP տնօրենների խորհրդի նիստի մասնակիցների համար նախատեսված են մշակութային ծրագրեր: Նրանք կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, կլինեն Մատենադարանում և Սերգեյ Փարաջանովի թանգարանում, կմասնակցեն Էրեբունի-Երևան տոնակատարություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here