տուն Լուրեր Էշ-էշ չափեր են դնում. հայտնիները` ծխելու տուգանքի մասին

Էշ-էշ չափեր են դնում. հայտնիները` ծխելու տուգանքի մասին

154
0

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ: Ըստ նախագծի՝ մի շարք հասարակական վայրերում, այդ թվում` թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների եւ ժամանցային կենտրոնների տարածքներում, արգելվում է ծխելը: Իսկ կարգազանցները 250.000 դրամով կտուգանվեն:

Araratnews.am-ը  արվեստի գործիչներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում  այս նախագծին: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը 24 տարի է` չի ծխում: Կատեգորիկ դեմ է ծխելուն եւ խորհուրդ է տալիս  չծխել: Բայց 250.000 դրամ տուգանքն իրեն  հիշեցնում է արագաչափերի պատմությունը. «60.000 դրամ  ռոճիկ ստացողը պիտի 1 տարի սոված մնա, որ այդ տուգանքը մարի: Պետք է ուրիշ տարբերակ մտածել: Չէ-չէ մի, իրենց ավտոն էլ տան` պրծնեն: Նրանց թվում է, որ եթե իրենք ամիսը 5-6 հազար դոլար փող ունեն, մնացածն էլ ունեն»:

Դերասանն առաջարկում է  տուգանքի չափը սահմանել  20-30.000 դրամ. «Այդ տուգանքներն իրենց  աշխատավարձի չափով են սահմանել: Սա աբսուրդ է:  Էշ-Էշ դնում են, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում»: 

Մեր հարցին՝ ռեժիսորների, դերասանների մեծ մասը  թատրոններում ընդմիջումներին չի ծխո՞ւմ,  Արմեն Մարությանն ասաց, որ  դահլիճում՝ փորձի ժամանակ, ծխելն արգելվում է. «Դերասանները  «կուրիլկաներում» են ծխում: Միայն ռեժիսորին են թույլ տալիս ծխել, իբր ստեղծագործում է, եւ ծխելը նրան օգնում է»:

Երգիչ Դավիթ Ամալյանն էլ այլ կարծիք ունի:  Չնայած ծխելը լավ բան չէ, բայց  ինքը ծխող է: Իսկ վերջերս էլ ծխողները, ըստ նրա,  փոքրամասնություն են դարձել: «Չի կարելի այդ աստիճան պայքարել ծխելու դեմ: Մեզ մոտ այդ օրինագիծը  թղթի վրա կմնա: Ուղղակի ֆիկտիվ պետք է ընդունեն` աշխարհին ցույց տալու համար:  Մեր տանն արդեն ինձ ասում են՝ մի ծխի: Գլուխները պատով են տալիս: Ծխելու եմ, 250 հազարն էլ չեմ տալու: Եթե անգամ 1000 դրամ լինի տուգանքը, էլի չեմ տա: Ժամանակին ամրագոտի  չկապելու համար տուգանում էին, իսկ որոշ ժամանակ անց դադարեցին ամրագոտի չկապելու համար վարորդներին կանգնեցնել: Նույնը այս օրինագծի հետ կլինի»

Մեր դիտարկմանը, թե երգիչը դեմ է առողջ ապրելակերպին, քանի որ  առողջապահության նախարարության հիմնական նպատակը սա է, Դավիթ Ամալյանն ասաց, որ առողջ ապրելակերպ քարոզող միջազգային կազմակերպություններն անընդունելի չեն համարում հասարակական վայրերում համբուրվող տղաներին, իսկ ծխելու դեմ պայքարում են:

Երգիչը կարծում է, որ այս օրինագիծը ինչ-որ մեկի բիզնեսն առաջ գցելու համար է արվում: Ծխախոտի բիզնեսի տերերը, նրա կարծիքով, ուրիշ են, սիգարինը՝ ուրիշ:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանը, լինելով ծխող, կողմ է նախագծին:  Հասարակական վայրերում չպետք է ծխեն: Կարծում է, որ 250.000 դրամ տուգանքի շնորհիվ  ծխողները հասարակական վայրերում չեն ծխի:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն  Նարինե Թուխիկյանի խոսքով էլ` թանգարանների տարածքում ծխել չի կարելի, եւ դա որեւէ մեկը չի անում: Եթե լինեն այդպիսի դեպքեր, կկանխվեն աշխատակիցների կողմից: «Բայց բացօթյա տարածքում մարդիկ կարող են ծխել, եթե դրա պահանջն ունեն: Չգիտեմ, թե ինչպես են որոշել տուգանքի այդ չափը: Տուգանելու ավելի պատեհ տեղեր կան, օրինակ` ժամկետանց, չմակնշված ապրանք վաճառող խանութները: Աբսուրդ է նման չափի տուգանք սահմանելը: Սա չի նպաստի առողջապահական խնդիրների լուծմանը: Իսկ եթե արդյունք էլ տա, կխաթարի մարդկանց հոգեկան վիճակը»,- ասաց թանգարանի տնօրենը:

Սոնա Դավթյան