տուն Լուրեր Բլոգ Էրեբունին իմ տունն է. «Էրեբունի» թանգարանը նոր տնօրեն ունի

Էրեբունին իմ տունն է. «Էրեբունի» թանգարանը նոր տնօրեն ունի

234
0

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» գրել է. ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն է նշանակվել Միքայել Բադալյանը՝ ոլորտի փայլուն մասնագետներից մեկը: Թանգարանի առաջ լուրջ հեռանկարներ են բացվում»:

Տեղեկացնենք, որ Միքայել Բադալյանը հնագետ-ուրարտագետ է:

Միքայել Բադալյանն էլ «Ֆեյսբուքում» գրել է. «Այսօրն ինձ համար կհիշվի բազմաթիվ դրական լիցքերով և ապրումներով: Նախ՝ այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ պարոն Տիգրան Վիրաբյանն ինձ որպես տնօրեն ներկայացրեց <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի անձնակազմին: Առիթ օգտվելով՝ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Վիրաբյանին՝ վստահության և պարտավորեցնող խոսքերի համար: Չեմ կարող իմ երախտիքի խոսքը չուղղել թանգարանի նախկին տնօրեն Գագիկ Գյուրջյանին, ումից ես շատ բան եմ սովորել:
Հենց այսօր ես տեղեկացա, որ Կարմիր բլուրն արդեն այս տարի գրանցել է 1000-ից ավելի այցելու: Սա խիստ ոգեշնչող ցուցանիշ է, եթե համամետության համար ֆիքսենք, որ միայն անցյալ տարվա ամբողջ ընթացքում Կարմիր բլուրն ունեցել էր 1206 այցելու: Ներկայիս գրանցած ցուցանիշը վկայում է հուշարձանի մեծ պոտենցիալի մասին:
Նման ներոււժ ունի նաև Շենգավիթը, որը տասնյակ տարիներ չի օգտագործվել: Անպայմանորեն, Էրեբունին, Կարմիր բլուրը և Շենգավիթը ընկալվելու են որպես մեկ համակարգ և արվելու է հնարավորինս ամեն-ինչ, որպեսզի համաշխարհային նշանակություն ունեցող այս հուշարձանները զարգանան համաչափ և դառնան գիտակրթական, մշակութային, զբոսաշրջային և ժամանցային կարևորագույն հարթակ:
Արդեն իրենց պտուղներն են տալիս Կարմիր բլուրում Նետաձգության ազգային ֆեդերացիայի և հատկապես Կարմիր բլուրի լավ բարեկամ Նունե Վասիլյանի հետ համատեղ կազմակերպված միջոցառումները: Այսօր ուրախությամբ տեղեկացա, որ ի շնորհիվ մեր համատեղ միջոցառման, ևս մեկ աղջնակ որոշել է զբաղվել նետաձգությամբ և հաճախում է պարապունքների:
Այսօր Էրեբունի թանգարանում մեկնարկեց իր բնույթով տարածաշրջանում միակը համարվող <<Պատանի հնագետ>> դպրոցի 8-րդ տարվա դասընթացի մեկնարկը: Պատիվ եմ ունեցել և այժմ էլ պատիվ ունեմ լինելու այդ դասընթացի ծրագրի հեղինակն ու համակարգողը:
Այսօր նաև տեղեկացա, որ Օքսֆորդի Արքեոպրեսս հրատարակությունում՝ նշանավոր ուրարտագետ Միրյո Սալվինիին նվիրված հոդվածների ժողովածուն է լույս տեսել, որտեղ ես ևս պատիվ ունեմ լինելու մեկ հոդվածիհեղինակ և մեկ այլ հոդվածի համահեղինակ: Այս գրքի լույս տեսնելու կապակցությամբ անչափ ուրախ եմ և համարում եմ այն հայ ուրարտագիտության կարևորագույն նվաճումներից մեկը, ինչի համար հատկապես կուզենամ շնորհավորել իմ ընկեր և գործընկեր Երվանդ Գրեկյանին:
ՈՒզում եմ իմ երախտիքի խոսքն ուղղել Էրեբունի թանգարանի բոլոր աշխատակիցներին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու և դեռ աշխատելու եմ, բոլոր նրանց, ովքեր անժամանակ լքեցին մեզ, բայց ում մենք հիշում ենք սիրով և միայն բարի հիշողություններով: Անչափ շնորհակալ եմ իմ ուսուցիչ Աշոտ Փիլիպոսյանին, ով 2009 թվականի փետրվարի 1-ին ինձ ընդունեց աշխատանքի Էրեբունի թանգարանում: Սկզբում եղա որպես կրտսեր գիտաշխատող, հետո էքսկուրսավար, հետո ՝ գիտաշխատող ու Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ: Միաժամանակ պատիվ ունեմ լինելու Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավարը: Էրեբունին իմ տունն է և կենսակերպը: Էրեբունի թանգարանում աշխատող յուրաքանչյուր նվիրյալի և պրոֆեսիոնալի աչքերի փայլը ու սպասող ժպիտը ինձ շատ են ուժ տվել հատապես այս վերջին ամիսներին: Այս ժամանակահատվածում՝ հատկապես վերջին երեք ամսին տարբեր բավական հրապուրիչ առաջարկներ եմ ստացել՝ այլ աշխատանքի անցնելու համար: Իմն Էրեբունին է: Ցավոք, այս վերջին ամիսների ընթացքում ոմանք, հատկապես որոշ մարդիկ, ում ժամանակին օգնել եմ, սատարել և ում շատերը ճանաչում են բացառապես իմ շնորհիվ, փորձեցին հնարավոր բոլոր ստոր միջոցներ կիրառել իմ դեմ: Նման կեցվածքը վայել է միայն ու միայն հոգով սողուններին: Ինչպես կասեր Նիցշեն, որքան մենք բարձր ենք թռչում, այնքան փոքր ենք թվում նրանց, ովքեր թռչել չգիտեն:
Փառք Աստծուն այսօրվա համար և որ ունեմ նման ծնողներ և ընտանիք, ընկերներ ու բազմաթիվ հարազատներ»: